Ինչպես է տաքսու վարորդը վերացրել 40 հազար դրամ վարչական տույժը

Վարչական դատարանում,  դատավոր Կ. Բաղադասարյանի նախագահությամբ քննվել է Հուսիկ Մելքոնյանն ընդդեմ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտային տեսչության գործը:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ըստ հայցվորի` ՀՀ տրանսպորտի կապի նախարարության ՀՀ տրանսպորտային տեսչության պետ Ա.Միրիջանյանի կողմից կայացվել է վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում, որի համաձայն իրեն` Հուսիկ Մելքոնյանին, ենթարկել է վարչական պատասխանատվության:

Նշանակել է վարչական տույժ 40.000 ՀՀ դրամ,  այն բանի համար, որ իրեն պատկանող «Միցուբիշի Շարիոտ» մակնիշի տրանսպորտային միջոցով կրկին իրականացվել է տաքսոմոտորային ուղևորափոխադրում` առանց փոխադրումների կազմակերպման լիցենզիայի։

Մինչդեռ հայցվորը պնդել է, որ որոշման պատճառաբանական մասում նշվածը չի համապատասխանում իրականությանը. մեկ անգամ վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո նա այլևս չի իրականացրել տաքսոմոտորային ուղևորափոխադրում, ուստի գտնում է, որ որոշումը կայացվել է օրենքի պահանջների խախտմամբ և դրանով նրա վրա դրվել է վարչական տույժ վճարելու ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, ինչի արդյունքում խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված նրա իրավունքներն ու օրինական շահերը։

Հուսիկ Մելքոնյանը պնդել է նաև, որ նշված արձանագրությունում բացակայում է նաև նշում, թե ինչի հիման վրա է ՀՀ տրանսպորտային տեսչության աշխատակիցը ենթադրել, որ «Միցուբիշի Շարիոտ» մակնիշի տրանսպորտային միջոցով իրականացվում է տաքսոմոտորայրն ուղևորափոխադրում, այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցը չի ստուգվել։

Արձանագրության մեջ նույնիսկ բացակայում է նշում այն մասին, թե որ փողոցով է ինքը նշված օրը իրականացրել տաքսոմոտորային ուղևորափոխադրում։

Վերոգրյալի հիման վրա և ոչ միայն, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ, 112-րդ, 115-րդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածներով` դատարանը վճռել է բավարարել Հուսիկ Մելքոնյանի հայցը և վերացնել 40 հազար դրամի վարչական տույժը:

Պատրաստեց Զառա Մանուչարյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել