Պաշտպանության նախարարի կինն՝ ընդդեմ օրաթերթի. դատաքննությանը ներգրավվեցին երկու փաստաբաններ

Այսօր՝ օգոստոսի 25-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հայցն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի գործով դատական նիստը:

Օրաթերթի դեմ հայց է ներկայացվել այն բանի համար, որ նա իր «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածում պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ, իրավունքը խախտող փաստացի անճշտություններ է հրապարակել: Տիկին Խաչատրյանը պահանջում է, որ նյութը ջնջվի, իսկ պատճառված վնասը՝ հատուցվի, ինչպես նաև հրապարակվի հերքումը:

Այսօրվա նիստին «Հրապարակ» օրաթերթի լրագրող Սյուզան Սիմոնյանը միջնորդեց, որ իր շահերը պաշտպանեն փաստաբանների պալատի անդամներ Լուսինե Հակոբյանը և Տիգրան Եգորյանը, վերջիններս էլ դատարանից խնդրեցին դատական նիստը հետաձգել, որպեսզի ծանոթանան գործի նյութերին: Միջնորդությունը բավարարվեց:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին:

Ազնիվ Սիրադեղյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել