Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալի աթոռին եղել է 52-ամյա Ռազմիկ Ղազարյանը. Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից:
Մեղադրականա եզրակացության համաձայն՝ 2015թ. հունվարի 1-ին ժամը 19:30-ի սահմաններում Երևան քաղաքի Արհեստավորների 1 փողոցում վիճաբանություն է եղել հանգուցյալ եղբոր կնոջ՝ Կարինե Մինասյանի հետ, որի ընթացքում Ռազմիկ Ղազարյանը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել վերջինիս` պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ` աջ դաստակի շրջանների քերծվածքների և ձախ սրունքի շրջանի արյունազեղման ձևով:
Ամբաստանյալի ցուցմունքի համաձայն՝ հանգուցյալ եղբոր առաջին ամանորը նշել են իրենց տանը, այնտեղ են գտնվել նաև եղբոր կինն ու երեխաները։ Այդ ժամանակ եղբոր տղան` Սուրենը, պահանջել է իրեն հանձել հորը պատկանող և մինչև մահանալը նրա կողմից օգտագործված «i Phone 4» բջջային հեռախոսը, սակայն Ռազմիկ Ղազարյանը բացատրել է, որ հեռախոսը վաճառել է` հոր հուղարկավորության ծախսերը հոգալու համար։
Խոսակցությանը միջամտել է Կարինե Մինասյանը, ով կշտամբել է իրեն հեռախոսն առանց իրենց համաձայնության տնօրինելու համար։ Ինքը նախատել է հարսին ու երեխաներին, ասելով որ՝ հիմա դրա ժամանակը և տեղի չի, որպեսզի այդ հարցը քննարկվի, ինչպես նաև դա երեխաների հետ քննարկելու հարց չէ։
Մի քանի օր անց իրեն զանգահարել են ոստիկանությունից և հրավիրել բաժին` հարցաքննության, որտեղ իրեն տեղեկացրել են, որ ինքը այդ օրը ծեծի է ենթարկելԿարինե Մինասյանին, որի կապակցությամբ քրեական գործ է հարուցված։
Ամբաստանյալը պնդել է, որ քննարկվող դեպքի օրը՝ 2015թ. հունվարի 1-ին, ինքը որևէ հարված չի հասցրել եղբոր կնոջը, այլ ընդամենն իրենց միջև եղել է բարձր խոսակցություն՝ վեճ, կապված հեռախոսի հետ։
Առաջին ատյանի դատարանը, դատաավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, վճռել է Ռազմիկ Ղազարյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում արդարացնել՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունն այդ hոդվածով նախատեսված հանցանքի կատարման մեջ՝ վերջինիս մասնակցությունն իրեն մեղսագրված արարքին ապացուցված չլինելու հիմքով։
Նշենք նաև, որ որոշումը բողոքարկվել է Քրեական վերաքննիչ դատարան՝ վճիռը բեկանելու և Ռազմիկ Ղազարյանին մեղավոր ճանաչելու ՀՀ քր. օր-ի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մեջ և դատապարտելու տուգանքի` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի` 100.000 ՀՀ դրամի չափով:
Գործի քննությունը շարունակվում է: