«Կառավարության որոշումը իրավական տեսակետից բավականին զարմանալի է, որովհետև որևէ հստակություն չկա, թե ինչպես է գործարքն իրականանալու, և 100 միլիոն դոլարի ներդրումը ինչում է կայանում» ,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Խոսելով մարզահամերգային համալիրի վաճառքի իրավական կողմերի մասին` Նիկոլայ Բաղդասարյանը նախ նշեց, որ հայտնի է, որ պետք է կառուցվի համալիր, հյուրանոց, խանութներ, խաղասրահ, բայց թե դրանք կոնկրետ որտեղ պետք է տեղակայվեն, անհասականալի է.
«Որոշումը, որպես իրավական փաստաթուղթ, այնքան անորոշությամբ է կազմվել, որ տպավորություն է ստեղծվում կամ վարչապետին են ինչ-որ տեղ խաբել, կամ կառավարությունն է հասարակությանը խաբում: Կարծում եմ, եթե գործարքն իրականում լիներ շահավետ, մանրամասն գրված կլիներ, թե որն է գործարքի բուն առարկան, պետությունը գործարքի արդյունքում ինչ է ունենալու, ինչ է ունենալու հասարակությունը կառույցի ավարտական տեսքից հետո»:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գնումների քաղաքականության փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանն էլ, խոսելով Մարզահամերգային համալիրի վաճառքի ֆինանսական կողմերի մասին, նշեց, որ կարևոր է, որ ընկերությունը լինի արդյունավետ սեփականատեր.
«Դրա համար անհրաժեշտ է սեփականատիրոջ ծրագրերի հանդեպ վստահություն ունենալ, մինչդեռ այս փաստաթուղթը ուսումնասիրելուց հետո վստահության որևէ նշույլ չկա: Էլ չեմ խոսում, որ խիստ կասկածելի պայմաններում` առանց որևէ փորձառության, այդ ընկերությունը եկավ խաղադաշտ»:
Բանախոսի խոսքով` մեզ համար գերնպատակ չպետք է լինի գումարը. Կարևորը լինի արդյունավետ սեփականատեր, որը հասարակության համար ընդունելի խաղի կանոններով կարողանա իրականացնել որևէ բիզնես գործառույթ. «Մասնավորեցման բուն նպատակը դա է, ոչ թե բյուջե փող լցնելը»,-նշեց Արտակ Մանուկյանը:
Նա նաև հավելեց,որ թափանցիկության մասով ևս ունենք լրջագույն խնդիր: Քանի որ նման նախագծերը պետք է անցնեն հանրային քննարկումներ, արժանան հանրության հավանությանը, հետո միայն Կառավարությունը դրա հիման վրա իր ունեցած ընթացակարգերով, գնահատման մեթոդաբանությամբ գործարքը վավերացնի, ինչը տվյալ պարագայում չի իրականացել.
«Այսինքն` մենք գործ ենք ունենում մի դասական մոտեցման հետ, երբ այս բոլոր հանրային մարմինները, որոնք կոչված են մեծացնելու հանրային դերակատարումը, մասնակցություն են ունենում գործարքից հետո»,-նշեց Արտակ Մանուկյանն ու հավելեց, որ սա «քոփի-փեսթի» մի ամբողջ բազմություն է, որտեղ որևէ տրամաբանական կապ չկա:
Լրագրողի այն դիտարկմանը, թե բարոյական տեսանկյունից որքանով է ճիշտ ռեստորան կամ խաղասրահ կառուցել մի վայրում, որտեղ գնում ենք հարգելու ցեղասպանության զոհերի հիշատակը, Արտակ Մանուկյանը նշեց, որ ինքը մասնավորեցմանը նորմալ է վերաբերում, քանի որ հասկանում է, որ ՊՆ-ն ոչինչ չէր կարող անել, որ համալիրը կյանքի կոչվեր :
Այս տեսակետը կիսում է նաև փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, ով նշեց, որ Էական չէ, թե որտեղ է գրանցված կազմակերպությունը, այլ էականն այն է, թե տվյալ կազմակերպությունն հաշվեկշռի վրա ինչ ունի. «Երբ կատարվում է նման գործարք պետք է կառավարությունը ներկայացներ, որ օրինակ տվյալ իրավաբանական անձն իր հաշվեկշռի վրա ունի x գումար, որն ինքը կարող է վճարել և ձեռք բերել տվյալ շինությունը»:
Պրն Բաղդասարյանի խոսքով`կան օրենքով սահմանված որոշակի չափորոշիչներ, որոնց գործարքը պետք է համապատասխաներ. « Երբ ուսումնասիրում եմ օրենսդրությունը, չեմ տեսնում այն հիմքը, որ իրենք իրավունք ունեն նշված վայրում կառուցել խաղատուն. Այսինքն օրենքի տեակետից դա չի թույլատրվում»:
Փաստաբանն առաջարկում է, որ եթե պետությունը գումար չունի ներդրումներ կատարելու համար, տվյալ տարածքում պետությունը կարող էր շարունակել կառավարման որոշակի լծակներ ունենալ, իսկ կառավարումը հանձնվեր մասնավոր ընկերությանը: Մասնավոր ընկերության հետ կնքվեր պայմանագիր, որտեղ հստակ սահմանվեր, թե մասնավոր ընկերությունը ինչ ներդրումներ է կատարելու, և միայն դրանից հետո կգնահատեր գործարքի շահավետ լինել-չլինելը:
Զառա Մանուչարյան