Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Երեկ երեկոյան Գյումրու բժշկական կենտրոն է հոսպիտալացվել ավտովթարից տուժած 6 քաղաքացի։ Գյումրի-Վանաձոր ճանապարհահատվածում` Ջաջուռի մոտակայքում շրջված ավտոմեքենայի ուղևորներից մեկն առաջին բուժօգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել, իսկ 4-ը` մարմնական տարբեր վնասվածքներով` բաց վերքեր, փափուկ հյուսվածքների սալջարդեր, դեռևս գտնվում են հիվանդանոցում` մասնագետների հսկողության ներքո։
Տուժածներից մեկի` Մեծ Բրիտանիայի 17-ամյա քաղաքացու մոտ կրծքավանդակի բազմակի վնասվածքներ են առկա, այդ թվում` հեմոպնևմաթորաքս։ Գյումրու ԲԿ-ում ստացել է բժշկական անհրաժեշտ օգնություն։ Գիշերը ՀՀ առողջապահության նախարարությունը կազմակերպել է հիվանդի տեղափոխումը Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Տուժածն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմուքում, վիճակը գնահատվում է ծանր կայուն։ Հետագա բուժումը կստանա բազմապրոֆիլ հիվանդանոցի թոքաբանների հսկողությամբ։
Բոլոր տուժածներն անցել են գործիքային և լաբորատոր անհրաժեշտ հետազոտությունները։