Ոստիկանները բռնություն են կիրառել, իսկ քննիչը՝ խոստովանական ցուցմունք կորզել մեղադրյալից. հարուցվել է քրեական գործ

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցված քրեական գործով մեղադրյալներ Հակոբ Թ.-ն և Թովմաս Թ.-ն հաղորդումներ են տվել այն մասին, որ հիշյալ միջադեպի կապակցությամբ ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում բռնություն են կիրառել իրենց նկատմամբ և պատճառել մարմնական վնասվածքներ:

Հակոբ Թ.-ն և Թովմաս Թ.-ն հայտնել են նաև, որ իրենք ապօրինի բերման են ենթարկվել ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղ ծառայություն իրականացնող ոստիկանները իրենց հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչեցրել և հրաժարվել են իրենց նկատմամբ կիրառված ապօրինությունների վերաբերյալ հաղորդում ընդունելուց:

Բացի այդ, Թովմաս Թ.-ն հայտնել է նաև, որ  նախաքննությունն իրականացնող քննիչը իրեն գցել է մոլորության մեջ և այդ կերպ՝ խոստովանական ցուցմունք կորզել:

ՀՀ ոստիկանության աշխատակիցների և ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել