ԱԱԾ աշխատակիցը հանիրավի մեղադրվել է հանցագործության կատարման մեջ

Քաղաքացի Սոֆյա Է.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ  2015 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ամուսինն անսպասելի եկել է հայրական տուն, կոտրել է տան դռան փականը, հայհոյանքներ է հնչեցրել իր և ծնողների հասցեին ու հեռացել է: Այնուհետև քիչ ավելի ուշ նույն տուն է եկել ամուսնու եղբայրը՝ ԱԱԾ աշխատակից Վ. Գ.-ն, ով սպանության սպառնալիքներ է հնչեցրել և ձեռքերով հարվածներ հասցրել իր դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նյութերի նախապատրաստման ընթացքում Սոֆյա Է.-ն հայտնել է, որ ոստիկանության բաժին դիմելիս գտնվել է զայրացած վիճակում: Վերջինս խոստովանել է, որ նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է՝ ոստիկանության հիշյալ բաժնում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել ամուսնու եղբոր՝ պետական հատուկ ծառայություն իրականացնող Վ. Գ.-ի կողմից իրեն հարվածներ հասցնելու և սպանության սպառնալիքներ տալու վերաբերյալ:

Սոֆյա Է.-ի կողմից  սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել