Մարզահամերգային համալիրը չենք վերածել սուպերմարկետի. նախկին մամուլի խոսնակ

Երեկ կառավարության նիստի ժամանակ հայտնի դարձավ, որ «ՆՏԱԱ Ինվեսթմընթ գրուպ» ԲԲԸ-ն գնել է Մարզահամերգային համալիրը, և չորս տարիների ընթացքում պետք է 100 միլիոն դրամի ներդրում արվի: Նախատեսվում է, որ ներդրումների արդյունքում կառուցվելու է փակ ջրաշխարհ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն:

Այս գործարքի վերաբերյալ մարզահամերգային համալիրի նախկին մամուլի խոսնակ Կորյուն Գրիգորյանը օգոստոսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց.

«Մարզահամերգային համալիր» փակ բաժնետիրական ընկերությունը որպես այդպիսին այն ժամանակահատվածում, որ ղեկավարել է Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրը՝ բացառապես աշխատել է չշեղվել այն հիմնական ուղղություններից, որոնք դրված է եղել ի սկզբանե՝ շենքի կառուցման օրվանից, այսինքն՝ մարզահամերգային համալիր և ոչ ավել: Երբևիցէ չի դիտարկվել որպես բիզնես պրոեկտ, չենք վերածել սուպերմարկետի կամ մեկ այլ կառույցի և ամեն գնով գումար աշխատել»:

Այնուհետև փաստաբան Արմինե Հակոբյանը, ով ներկայայցնում է ՄՀՀ ՓԲԸ-ն սեփականատիրոջ շահերը, նշեց. «Ներկայումս բազմաթիվ դատական վեճեր կան կապված «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի հետ, դրանցից կարևորագույնը՝ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկ տարուց ավել քննվում է և դատական ակտ չի կայացվել. Այդ գործով կառավարության և ԴԱՀԿ միջև կնքված գույքը հանձնելու պայմանագիրն է վիճարկվում բազմաթիվ կետերով»:

Փաստաբանը ավելացրեց նաև, որ սնանկության գործընթացը ևս ավարտված չէ. «Քաղաքապետարանը ընկերությանը դիմել է սնանկության հայցով ընդամենը 50 մլն դրամի պարտավորության դիմաց, իսկ պետական բյուջեն ընկերությանը ներկայումս պարտք է ԱԱՀ-ի գերավճարի մասով՝ 312 մլն 551823 ՀՀ դրամ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Պատրաստեց՝ Ալիսա Չիլինգարյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել