38-ամյա տղամարդը բռունցքներով հարվածներ է հասցրել հղի կնոջը

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալի աթոռին է 38-ամյա Գարիկ Վարոսյանը. Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Գարիկ Վարոսյանը, հանդիսանալով Քնարիկ Վարոսյանի ամուսինը, շուրջ 2 տարի պարբերաբար, ալկոհոլ օգտագործած վիճակում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ:

Վերջին վեճի ընթացքում (13.05.2015թ.) Գ, Վարոսյնաը 3-4 անգամ բռունցքներով հարվածներ է հասցրել հղի վիճակում գտնվող կնոջ՝ Ք. Վարոսյանի գլխին՝ դիտավորությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանքներ: Վեճից երկու օր հետո Ք. Վարոսյանը հեռացել է տանից և դիմել Արմավիրի մարզի «Արմենիա Լայթհաուս» կանանց աջակցման կենտրոն։

Գործի քննությունը շարունակվում է. ամբաստանյալ Գարիկ Վարոսյանի համար, որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ երկրից չբացակայելը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Զ. Մանուչարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել