Հանցագործները շատ հաճախ թաքցնում են հանցագործության հետքերը, ոչնչացնում գործիքներն ու առարկաները, ինչն իրավապահ մարմինների համար դժվարացնում է հանցագործությունների և այն կատարող անձանց բացահայտումը:
Որքան էլ հմուտ գործի հանցագործը, հնարավոր չէ ամեն ինչ կանխատեսել. առաջին հայացքից չնչին և ոչ կարևոր համարվող հանգամանքը կարող է բացահայտել հմտորեն թաքցված հանցագործությունն ու դրա կատարողին:
Սպանությունը հանցագործություններից թերևս ամենածանրն է, քանզի այն զրկում է մարդուն ամենաթանկից` կյանքից: Սպանության հետքերը, որպես կանոն, կարելի է հայտնաբերել դիակի զննության ժամանակ, սակայն հնարավոր են իրավիճակներ, երբ քրեական գործի ընթացքը պահանջում է դիակի զննության անհրաժեշտություն հանցագործության կատարումից ամիսներ, նույնիսկ տարիներ հետո: Նման դեպքում օրենքը թույլատրում է կատարել դիակի արտաշիրիմում:
Դիակի արտաշիրմման անհրաժեշտության դեպքում քննիչն այդ մասին կայացնում է որոշում: Արտաշիրիմումը կատարվում է քննիչի և դատաբժշկության բնագավառի մասնագետի, իսկ անհրաժեշտության դեպքում` այլ մասնագետի մասնակցությամբ: Ընթերակաների մասնակցությունը պարտադիր է:
Արտաշիրմմանն իրենց ցանկությամբ, իրավունք ունեն մասնակցելու նաև տուժողի մերձավոր ազգականները:
Արտաշիրմումից հետո դիակը կարող է բերվել համապատասխան բժշկական հաստատություն` այլ հետազոտություններ կատարելու համար:
«Արտաշիրմումը չի կարող կատարվել առանց արտաշիրմվողի մերձավոր ազգականների համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ քրեական գործով բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մերձավոր ազգականներից թեկուզ մեկը մասնակցել կամ որևէ կերպ առնչվել է արտաշիրմվողի մահվան հետ կապված դեպքին, կամ եթե հնարավոր չէ այլ կերպ պարզել դեպքի հանգամանքներն ու լուծել գործի ընթացքը»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net