Ինչպես գիտենք, դատարան հայցադիմում և դիմում ներկայացնելու համար օրենքով սահմանված են պետական տուրքի գումարներ, որոնց չվճարելը հիմք է հանդիսանում դատարանի համար` հայցադիմումը, դիմումը վերադարձնելու համար:
Պետք է նկատի ունենալ, որ օրենքոը նախատեսում է նաև դեպքեր, երբ դատարանն է պարտավոր վերադարձնել արդեն վճարված պետական տուրքի գումար կամ դրա մի մասը:
Քաղաքացիների մեծ մասը թյուրիմացաբար կարծում է, որ դատարանը պարտավոր է վերադարձնել նախապես վճարված պետական տուրքի գումարը հայցից հրաժարվելու հիմքով քաղաքացիական գործի վարույթը կարճելու դեպքում:
«Պետական տուրքի մասին ՀՀ օրենքի 38-րդ հոդվածը սահմանում է այն դեպքերը, երբ դատարանը պետք է վերադարձնի վճարված պետական տուրքի գումարը»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Վերջինիս խոսքով` պետական տուրքի գումարը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե այն վճարվել է ավելի, քան պահանջվում է օրենսդրությամբ, դատարանների կողմից դիմումները (բողոքները) վերադարձնելու կամ դրանց ընդունումը մերժելու, տվյալ գործով վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու դեպքում, եթե գործը ենթակա չէ դատարանում քննության, կամ հայցվորը չի պահպանել տվյալ կատեգորիայի գործի համար վեճը լուծելու սահմանված նախնական արտադատարանական կարգը, կամ հայցը ներկայացրել է անգործունակ անձը, եթե հայցի ենթադրական գինը, որից դատարանը գանձել են պետական տուրքը, գործի քննության ընթացքում ճշտվել է, որի հետևանքով պակասել է հայցի ընդհանուր գինը, գույքն արգելանքից ազատելու մասին հայցը բավարարելու դեպքում:
Աղբյուրը` Իրավաբան.net