Գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Դատական ծանուցագրերով դատարան են կանչվում նաև վկաները, փորձագետները և թարգմանիչները:
Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով կամ ուղարկվում է էլեկտրոնային փոստով՝ օրենքով սահմանված կարգով (պատշաճ ձևով):
Ծանուցագիրն ուղարկվում է գործին մասնակցող անձի նշած հասցեով:
Հայցվորն իր ներկայացրած հայցադիմումում, պատասխանողն իր պատասխանում, իսկ երրորդ անձը և դիմողը իրենց դիմումներում կարող են նշել իրենց էլեկտրոնային փոստի հասցեն, որին դատարանի կողմից ուղարկված էլեկտրոնային ծանուցագիրը պատշաճ ձևով ծանուցում է, եթե առկա է այն ստանալու մասին էլեկտրոնային հավաստում:
Ծանուցագրում պետք է նշվի`
1) դատարանի անվանումը և ստույգ հասցեն.
2) նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին.
3) գործը, որի վերաբերյալ անձը ծանուցվում է.
4) նշում` դատարան կանչվող կամ ծանուցվող անձի մասին.
5) նշում, թե անձը որպես ինչ է ծանուցվում կամ կանչվում.
6) նշում` չներկայանալու հետևանքների մասին:
Աղբյուրը` Իրավաբան.net