Վերջին 6 ամսվա ընթացքում արձանագրվել է հանցագործության 7560 դեպք

2012 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մարդու, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված, ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող  և կիբերհանցագործությունների գործերով վարչությունները որոշակի աշխատանք են կատարել հարուցված քրեական գործերի նկատմամբ իրականացվող դատավարական ղեկավարումն ու դատախազական հսկողությունն արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը` վերջերս դատախազության կոլեգիայում ունեցած ելույթի ժամանակ:

Արձանագրվել է հանցագործության 7560 դեպք, դրանք նվազել են 905-ով կամ 10,7%-ով:

Դեպքերի ընդհանուր նվազմանը հակառակ 394-ով կամ 25.1%-ով աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները /1567-1961/` կազմելով երկրում արձանագրված բոլոր հանցագործությունների դեպքերի 25.9 %-ը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 18,5%-ի դիմաց:

Աճել են դիտավորությամբ առողջությանը վնաս հասցնելու /629-690/, ծեծի /631-944/, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և բռնաբարության փորձի դեպքերը /5-12/:

Արձանագրվել է սպանության փորձի /20-17/ դեպքերի նվազում:

Արձանագրվել է նույնքան սպանության դեպք, որքան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում /28-28/:

Մարդու դեմ ուղղված հանցագործությունների ցուցանիշում մեծ տեսակարար կշիռ ունեցող ծեծի /ՀՀ քր.օր-ի 119-րդ հոդ./ դեպքերը աճել են 313-ով կամ 49.6%-ով /631-944/, իսկ առողջությանը թեթև վնաս պատճառելու /ՀՀ քր.օր.117-րդ հոդ/ դեպքերը աճել են 63-ով կամ 16.6%-ով /379-442/:

Նշված երկու տեսակի հանցագործությունների հետևանքով է, որ հանրապետությունում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների աճ: Միայն ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ և 118-րդ հոդվածներով հանցագործությունների դեպքերը միասին վերցրած աճել են 376-ով, իսկ մարդու դեմ ուղղված բոլոր հանցագործությունները աճել են 394 դեպքով: Այսինքն`  աճը կազմող դեպքերի ընդհանուր ծավալում նշված հանցագործությունները կազմել են 95,4%:

Ծեծի դեպքերի աճը որոշակիորեն կարելի է պայմանավորել ՀՀ ոստիկանության մարմինների կողմից հանցագործությունների հաշվառման, գրանցման գործընթացի բարելավմամբ, այդ հանցագործությունների լատենտայնության նվազմամբ:

Կիսամյակի ընթացքում կատարված ուսումնասիրությունները և վերլուծությունները ցույց են տալիս, որ ծեծի, մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերի շարժը պայմանավորված է նաև խուլիգանության հանցատեսակի հետ հարաբերության իրավական կարգավորումներով:

Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանի սույն թվականի մարտի 30-ի որոշմամբ, խուլիգանության հանցակազմի առկայության համար սահմանվել են այնպիսի իրավական պայմաններ, որոնք, մեղմ ասած, էապես բարդանում են գործնականում նմանատիպ արարքների քրեաիրավական գնահատականի հնարավորությունը` հանգեցնելով այդ դեպքերի կտրուկ նվազմանը:

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել