2012թ. հուլիսի 1-ի դրությամբ կալանավորվածների և ազատազրկման վայրերում պատիժ կրող դատապարտյալների թիվը կազմել է 4688, կամ 88-ով ավելի, քան 2011թ. հուլիսի 1-ի դրությամբ: Այս մասին ասել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի` վերջերս դատախազության կոլեգիայում ունեցած ելույթի ժամանակ:
2012թ. առաջին կիսամյակի ընթացքում քրեակատարողական հիմնարկներից ազատվել է 830 անձ, որից 459-ը պատիժը լրիվ կրելու, 125-ը` պայմանական վաղաժամկետ կարգով, 11-ը` ներմամբ, 109-ը` խափանման միջոց կալանքը փոխելու, 121-ը` դատարանի դահլիճից, 1-ը` հիվանդության պատճառով, 4-ը` համաներմամբ: Տարբեր հիվանդություններից մահացել է 17 դատապարտյալ (2011թ. առաջին կիսամյակում 15-ը), որից 8-ը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում (2011թ. առաջին կիսամյակում` 7-ը):
2012թ. հուլիսի 1-ի դրությամբ ազատազրկման վայրում են գտնվել 195 կին (2011թ. առաջին կիսամյակում 199), որից 23-ը` սպանության, 46-ը` խարդախության, 5-ը` կավատության, 10-ը` գողության, 29-ը` թմրամիջոց իրացնելու, 8-ը` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով: Նույն ժամանակաընթացքում անազատության մեջ են գտնվել 33 անչափահաս (2011թ. առաջին կիսամյակում 43), որոնցից 2-ը` սպանության, 4-ը` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 11-ը` ավազակության, 3-ը` կողոպուտի, 8-ը` գողության մեղադրանքով:
Ընդհանուր առմամբ 12 քրեակատարողական հիմնարկներում 2012թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարվել են 35 հանցագործություն 41 անձանց կողմից, այդ թվում` պատիժն ի կատար ածող հիմնարկի գործունեությանը խոչընդոտելու 1, թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության 22 դեպք, առողջությանը թեթև մարմնական վնաս պատճառելու, խարդախության, կեղծ փաստաթուղթ կազմելու և սուտ մատնության 1-ական դեպքեր: Արձանագրվել է ինքնասպանության փորձի 2 և ինքնասպանության հասցնելու 3 դեպք:
Հանցագործություն կատարած անձանցից 34-ը եղել են դատապարտյալներ, 2-ը` ՔԿՀ-ի աշխատակից, 5-ը` այլ անձինք:
Սպանության, դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքեր չեն արձանագրվել:
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված հանցագործությունների 75 դեպքի դիմաց 2012թ. 1-ին կիսամյակի ընթացքում գրանցվել են հանցագործությունների 35 դեպք, այսինքն դրանք նվազել են 40-ով կամ 53,33%-ով:
Հանցագործությունների դեպքերի քանակի նվազման պայմաններում զգալիորեն նվազել են նաև թմրամիջոցների և հոգեներգործուն միջոցների ապօրինի շրջանառության դեպքերը:
Մասնավորապես, նախորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված 65 դեպքի դիմաց, 2012թ. 1-ին կիսամյակի ընթացքում գրանցվել են այդ բնույթի 22 դեպք, այսինքն դրանք նվազել են 43-ով կամ 67 %-ով: