Հաճախ քաղաքացիները համաձայնության են գալիս ապագայում որևէ պայմանագիր կնքելու համար, սակայն անհրաժեշտ է լինում պայմանագրի կատարումը որևէ կերպ ապահովել: Պայմանագրի կարատման ապահովման միջոցներից է նախավճարը: Այս մասին iravaban.net-ին հայտնում է ՀԵԻԱ անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը:
«Նախավճար է համարվում այն դրամական գումարը, որ պայմանավորվող կողմերից մեկը պայմանագրով հասանելիք վճարների հաշվին տալիս է մյուս կողմին` իբրեւ պայմանագրի կնքման ապացույց եւ դրա կատարման ապահովում»,- փաստաբան Հակոբյանը:
Նրա փոխանցմամբ` նախավճարի մասին համաձայնությունը, անկախ նախավճարի գումարի չափից, պետք է կնքվի գրավոր:
Եթե պայմանագիրը չկատարելու համար պատասխանատու է նախավճար տված կողմը, այն մնում է մյուս կողմին: Եթե պայմանագիրը չկատարելու համար պատասխանատու է նախավճար ստացած կողմը, նա պարտավոր է մյուս կողմին վճարել նախավճարի գումարի կրկնապատիկը:
Փաստաբանի խոսքով` պայմանագիրը չկատարելու համար պատասխանատու կողմը պարտավոր է նաեւ մյուս կողմին հատուցել վնասները` նախավճարի գումարի հաշվանցմամբ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Այս հարաբերությունները կարգավորված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 395-րդ և 396-րդ հոդվածներով:
Աղբյուրը` Իրավաբան.net