Վերջին 6 ամսվա ընթացքում գրանցվել է բռնաբարության փորձի 12 դեպք, որից բացահայտված չէ 1 դեպքը: Այս մասին նշվում է ՀՀ դատախազության հանցավորության վերաբերյալ հրապարակած վիճակագրական տվյալներում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած 7 դեպքով ավելացել է բռնաբարության փորձի դեպքերը:
Բռնաբարությունը դասվում է սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների շարքին:
Բռնաբարությունը, որը տղամարդու սեռական հարաբերությունն է կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով, ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն, պատժվում է ազատազրկմամբ 3-ից 6 տարի ժամկետով:
Այն դեպքերում, երբ բռնաբարությունը կատարվել է մի խումբ անձանց կողմից կամ տուժողի կամ այլ անձի նկատմամբ առանձին դաժանությամբ կամ անչափահասի նկատմամբ կամ անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ 4-ից 10 տարի ժամկետով:
Իսկ եթե վերոհիշյալ նախատեսված գործողությունը կատարվել է 14 տարին չլրացած անձի նկատմամբ, պատժվում է ազատազրկմամբ 8-ից 15 տարի ժամկետով:
Աղբյուրը` Իրավաբան.net