Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 323-րդ հոդվածի` Լիազորագրի գործողությունը դադարում է, եթե` 1) լիազորագրի ժամկետը լրացել է. 2) իրականացվել են լիազորագրով նախատեսված գործողությունները. 3) լիազորագրողը վերացրել է այն. 4) անձը, ում տրված է լիազորագիրը, հրաժարվել է. 5) դադարել է այն իրավաբանական անձը, որի անունից տրվել է լիազորագիրը. 6) դադարել է այն իրավաբանական անձը, որի անունով տրվել է լիազորագիրը. 7) մահացել է կամ անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող է ճանաչվել այն անձը, ով տվել է լիազորագիրը. 8) մահացել է կամ անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող է ճանաչվել այն անձը, ում տրվել է լիազորագիրը:
Լիազորագիր տվող անձը կարող է ցանկացած ժամանակ վերացնել լիազորագիրը կամ վերալիազորումը, իսկ անձը, ում տրված է լիազորագիրը, հրաժարվել դրանից: Այդ իրավունքներից հրաժարվելու մասին համաձայնությունն առոչինչ է:
Լիազորագիրը դադարելու հետևանքները.
Լիազորագիր տված և այն հետագայում վերացրած անձը պարտավոր է դրա վերացման մասին տեղեկացնել լիազորագիր ստացած անձին, ինչպես նաև իրեն հայտնի երրորդ անձանց, որոնց առջև ներկայացուցչության համար տրված է լիազորագիրը: Նման պարտականություն դրվում է նաև լիազորագիր տված անձի իրավահաջորդների վրա, եթե լիազորագիրը դադարում է հետևյալ հիմքերով. դադարել է այն իրավաբանական անձը, որի անունով տրվել է լիազորագիրը, մահացել է կամ անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող է ճանաչվել այն անձը, ով տվել է լիազորագիրը:
Լիազորված անձի գործողությունների հետևանքով ծագած իրավունքները և պարտականությունները, որոնք ծագել են մինչև այն պահը, երբ նա իմացել է կամ պետք է իմանար լիազորագիրը դադարելու մասին, պահպանում են իրենց ուժը լիազորողի և նրա իրավահաջորդների համար երրորդ անձանց նկատմամբ: Այս կանոնը չի կիրառվում, եթե երրորդ անձը գիտեր կամ պետք է իմանար լիազորագրի գործողությունը դադարելու մասին:
Լիազորագիրը դադարելուց հետո լիազորված անձը կամ նրա իրավահաջորդները պարտավոր են անհապաղ վերադարձնել այն:
Աղբյուրը՝ Իրավաբան.net