Նոր մանրամասներ կախված վիճակում հայտնաբերված զինծառայողի գործով

ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի զինծառայող Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է նրա պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու մեկ այլ դրվագ։

ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ 2015 թվականի հունվարի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ ԶՈՒ կազմավորման տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական համերգից հետո ռազմական ինստիտուտ վերադառնալու ճանապարհին կուրսանտ Ա.Մարտիրոսյանը զորամասին ամրակցված ավտոբուսի մեջ վիճաբանել է նույն դասակի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հետ, որի ընթացքում հայհոյել, քաշքշել է վերջինիս՝ այդ կերպ անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը:

Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատվել է առանձին վարույթ, որի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ Ա.Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով՝ զինծառայողին վիրավորանք հասցնելու համար, որի նախաքննությունն ավարտվել է։ Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։ Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել