«Դուրս արի, էդ ում ախպորն ես ծեծել, ես քո…». կնոջը ամուսնու մոտ վիրավորելուց մինչև կրակոցներ ու դատարան

Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Արմեն Գրիգորյանի, Համլետ Մանուկյանի և Գագիկ Ապերյանի դեմ հարուցված քրեական գործի դատական վիճաբանությունների փուլը:

Հիշեցնենք՝ ըստ մեղադրական եզրակացության Արմեն Գրիգորյանը 2013թ. փետրվարի 09-ին, ժամը 23։00-ի սահմաններում իր կնոջ՝ Լաուրա Վարդանյանի հետ Երևան քաղաքի Բաղրամյան փողոցով քայլելիս է եղել, իրենց հանդիպակաց ուղղությամբ եկող Համլետ Մանուկյանն ու Գուրգեն Գոլեցյանը, հավասարվելով նրանց, նրա և կնոջ հասցեին վիրավորական արտահայտություններ են արել, թե՝ «էս ինչ լավն ա ու էս հավի հետ»։ Դրանից մեկ ժամ անց նշված հողի վրա, Ա.Գրիգորյանն երկու եղբայրների հետ, նույն վայրում վիճաբանության մեջ է մտել նրանց հետ, այն ավարտվել է միմյանց ծեծկռտուքի ենթարկելով, որին մասնակցել են նաև այլ անձիք: Գործով մեղադրանք է առաջադրվել ծեծկռտուքի մասնակից երեք անձանց նկատմամբ, այդ թվում՝ Արմեն Գրիգորյանի:

Արմեն Գրիգորյան պաշտպան Գրիգորի Շահվերդյանը դատարանում, հանդես գալով պաշտպանական ճառով, նշեց, որ նախաքննության ժամանակ հավաքված ապացույցներից, փաստական տվյալներից ելնելով բոլոր հիմքերը կար քրեական գործի վարույթը Ա.Գրիգորյանի մասով կարճելու և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար:

Փաստաբանը նաև մեջբերեց ամբաստանյալի կնոջ ցուցմունքները, ըստ որի՝ վիրավորելուց հետո «նրանցից մեկը էլ իրեն քսվելով է անցել»: Փաստաբանը շեշտեց, որ վերոնշյալ ծեծկռտուքից հետո Գրիգորյանից վրեժխնդիր լինելու համար գործով ամբաստանյալները և քննությամբ չպարզված 8-10 հոգի գնացել են նրա տան մոտ՝ Կատովսկի փողոցում, բռնություն գործադրելու նպատակով շուրջ 20 րոպե տևողությամբ հայհոյանքներ են տվել և խախտել հասարակական կարգը, անհարգալից վերաբերմունք արտահայտել Գրիգորյանի ընտանիքի անդամների և մյուս բնակիչների նկատմամբ:

Նա մեջբերեց Արմեն Գրիգորյանի ցուցմունքի հատվածներ, ըստ որի՝ նշյալ անձանցից երկուս մտել էին պատուհանի տակ կանգնած իր ավտոմեքենայի մեջ, նրանցից մեկն էլ իրեն հայհոյելով սպառնացել է, թե «դուրս արի, էդ ում ախպորն ես ծեծել, ես քո…», ինքը հանկարծակի գալով և համոզվելով, որ նրանք իր հետ ժամեր առաջ կռված տղաներն են ու նրանց ընկերները, տնից վերցրել է ապօրինի պահվող հրազենը, դուրս է եկել փողոց, մի քանի անգամ նրանց հորդորել է հեռանալ, սակայն տեսնելով, որ արդյունքի չի հասնում, հրազենով կրակել է դեպի վեր, այնուհետև գետնին, ինչից գնդակը անդրադարձ թռիչք կատարելով վնասել է Գագիկ Ապերյանի դեմքը:

Փաստաբանը նաև նշեց, որ երբ Արմենն օդ է կրակել, մոտեցողներից մեկն ասել է, թե «պուգաչով ես վախեցնում, գնամ ավտոմատը բերեմ» և այդ անձը շարժվել է դեպի մեքենան:

Փաստաբանը իր ճառում շեշտեց, որ ամբաստանյալը ոչ մեկին սպանելու դիտավորություն չի ունեցել, ինքնապաշտպանության է դիմել, իսկ Գ. Ապերյանը հրազենային մարմնական վնասվածք ստացել է Ա.Գրիգորյանի անզգուշության հետևանքով: Փաստաբանը նաև անդրադարձավ այն մեղադրանքին, որ Ա.Գրիգորյանը պետք է դեպքի օրը դիմեր իրավապահ մարմիններին, ոչ թե սեփական նախաձեռնությամբ փորձեր կանխել մյուս անձանց գործողությունները. «Գրիգորյանը ստեղծված իրավիճակում չէր կարող և պարտավոր չէր դիմել ոստիկանությանը: Անհրաժեշտ պաշտպանությունը քաղաքացու իրավունքն է և ոչ թե պարտականությունը»,- իր ճառում ասաց փաստաբանը: Նա շեշտեց նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալը հրազենը կամովին հանձնել է իրավապահ մարմիններին:

Վերջում պարոն Շահվերդյանը միջնորդեց Արմեն Գրիգորյանին ճանաչել անմեղ և կայացնել արդարացման դատավճիռ:

Համլետ Մանուկյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն իր պաշտպանական ճառում նշեց, որ ամբաստանյալի մեղքն արդարացված չէ և նրա նկատմամբ պետք է կայացվի արդարացման դատավճիռ: Փաստաբանը համոզմունք հայտնեց, որ Համլետ Մանուկյանի գործողություններում բացակայում է խուլիգանության վարկածը. «Համլետ Մանուկյանի գործողություններն Արմեն Գրիգորյանի դեմ էին: Դրանք պայմանավորված են եղել Արմեն Գրիգորյանի և նրա եղբայրների հակաօրինական պահվածքով, ովքեր մինչ այդ ծեծի են ենթարկել երեքին»,- ասաց պարոն Սիմոնյանը:

Նա դատարանի ուշադրությունը սևեռեց այն հանգամանքին, որ «էս ինչ լավն ա ու էս հավի հետ» արտահայտությունը հասցեագրված չի եղել Ա. Գրիգորյանին. «Արմեն Գրիգորյանն, այն վերագրելով իրեն, շուռ է եկել և հակադարձել, հեռախոսահամար վերցրել, մոտ մեկ ժամ անց, իր եղբոր և հորեղբոր տղայի հետ գնացել է Բաղրամյան փողոց, խոսակցության ժամանակ չհասկանալով իրար այն վերածվել է ծեծի և ետ են վերադարձել»,- ասաց փաստաբանը:

Նա իր ճառը կառուցեց այն հանգամանքի վրա, որ Մանուկյանի և մյուսների գործողությունները նպատակ չեն ունեցել խախտել հասարակական կարգը և անհարգալից վերաբերմունք դրսևորել մյուս բնակիչների նկատմամբ. «Գործի փաստական հանգամանքներով ապացուցված է, որ Արմեն Գրիգորյանին տանից կանչելու նպատակը եղել է կենցաղային հողի վրա առաջացած անձնական դրդապատճառներով: Ապացուցված չէ, որ Համլետ Մանուկյանն այլ անձանց հետ խուլիգանական դրդումներով կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը: Խնդրում է առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ ու նրա նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ»,- եզրահանգեց փաստաբանը:

Գագիկ Ապերյանի պաշտպանն իր ճառում շեշտեց, որ ամբաստանյալի և մյուսների կողմից խուլիգանություն չի կատարվել: Փաստաբանը գտավ, որ ի սկզբանե պետք է Ապերյանը տուժողի կարգավիճակում լիներ: Նա խնդրեց դատարանին կայացնել արդարացման դատավճիռ: Ամբաստանյալները միացան իրենց պաշտպանների ճառերին, եղան ռեպլիկներ:

Դատավոր Ալեքսանդր Ազարյանը որոշեց, որ հաջորդ դատական նիստին ամբաստանյալները հանդես կգան վերջին խոսքով: Նիստը հետաձգվեց:

Գևորգ Թոսունյան
Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել