Ավետիսյանների սպանության գործի բազմակողմանի քննությունը հարցականի տակ է. փաստաբան

Ոստիկանության անգործության հետևանքով հարցականի տակ դրվեց Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի բազմակողմանի քննությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը, ով հիշյալ գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներից է:

Լուսինե Սահակյանի խոսքով, անհասկանալի է, թե ինչ հիմքով է ոստիկանությունը հայտարարում, թե փայլուն է աշխատել` սպանությունից հետո Պերմյակովին հայտանաբերելու ուղղությամբ, եթե փաստ է, որ նա հայտնվել է ռուսական կողմի ձեռքում: Եվ այժմ երբ հարուցված է երկու քրեական գործ` հայկական և ռուսական քննչական կոմիտեների կողմից և տարբեր ապացույցներ գտնվում են տարբեր մարմինների մոտ, իրավական առումով անլուծելի իրավիճակ է ստեղծվել:

Տուժողի իրավահաջորդների մյուս ներկայացուցիչ փաստաբաններ Երվանդ Վարոսյանն ու Երեմ Սարգսյանի հետ միասին այսօր ներկայացվեցին նաև գործի շրջանակներում նշանակված մի քանի փորձաքննությունների եզրակացությունները: Մասնավորապես`դատաձգաբանական փորձագտեները եզրակացություն են տվել, որ դեպքի վայրում հայտնաբերված 28 գնդակները կրակվել են դեպքի վայրում հայտնաբերված ինքնաձիգից, որն ամրակցված է եղել Պերմյակովին:

Դատակենսաբանական փորձաքննության եզրակացությամբ էլ` դեպքի վայրում հայտանաբերված հագուստի և կոշիկների (որոնց վրա նշված է եղել Պերմյակովի անունը) և Պերմյակովի քրտինքը միևնույն խմբի պատկանելության են:

Երեմ Սարգսյանը հայտնեց նաև, որ փորձաքննության են հանձնված եղել նաև ծխախոտի մնացուկներ, հայտանաբերված զինվորական գլխարկից վերցված մազեր, թաշկինակ` թքի հետքերով: Փորձագետները եկել են այն եզրահանգման, որ դրանք նույնպես Պերմյակովի թքի, քրտինքի և արյան միևնւոյն խմբի պատկանելության են:

Սակայն  փաստաբանները իրենց խոսքում ընդգծեցին, որ սա վերջանական պատասխան չէ: Դատագենտիկական փորձաքննությունը ԴՆԹ անալիզի միջոցով հստակ կպատասխանի, թե արդյո՞ք թուքը, քրտինքը հաստատապես Պերմյակովինն են, թե` ոչ:

«Ամփոփելով այս պահին ունեցած տեղեկությունները, կարող ենք ասել, որ  բոլոր փամփուշտները միևնույն ինքնաձիգից են արձակվել, և այլ անձի հետք չի հայտանբերվել: Սակայն Պերմյակո՞վն է եղել այնտեղ կամ այլ անձիք եղե՞լ են, կտա գենետիկական փորձաքննությունը»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

Իսկ ինչ վերաբերում է գործի քննության օբյեկտիվությանը, Լուսինե Սահակյանն ասաց, որ դեռևս գործի նյութերին ամբողջական ծանոթանալ չեն կարող և վաղ է որևէ կարծիք հայտնելը, սակայն դրական են գնահատում այն, որ նախաքննական մարմինը համագործակցում է իրենց հետ և կարողանում են մասնակցել փորձաքննությունների կատարմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել