Պետական քննությունից «բավարար ստանալու» համար տնօրենը գումար է պահանջել ուսանողներից. մեղադրական եզրակացություն

Հրազդանի պետական բժշկական քոլեջ ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուզաննա Մանուկյանին մեղադրանէ  առաջադրված բավարար գնահատական նշանակելու համար ուսանողներից կաշառք պահանջլու և ստանալու համար: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Համաձայն մեղադրական եզրակացության, նա 2012-2013 ուսումնական տարվա ավարտական քննություններից առաջ «Տեսական գիտելիքների ստուգում» ավարտական պետական քննությանը դրական գնահատականներ նշանակելու համար քոլեջի ավարտական խմբերի ուսանողներից որպես կաշառք շորթմամբ պահանջել և ստացել է գումարներ:

Նրա ցուցումով «Տեսական գիտելիքների ստուգում»  պետական քննությանը դրական գնահատականներ նշանակելու համար «Քույրական գործ» ավարտական խմբի 24 ուսանողների դասղեկ Աննա Սաֆարյանի միջոցով 2013 թվականի մայիսի վերջից մինչև հունիսի սկիզբ ընկած ժամանակահատվածում հավաքվել է 3000-ական դրամ: Հավաքված ընդհանուր գումարը՝ 72000 դրամը, Աննա Սաֆարյանը փոխանցել է փոխտնօրեն Հասմիկ Մանուկյանին, ով իր հերթին տվել է Ռուզաննա Մանուկյանին:

Սակայն պետական քննության հաջորդ օրը Ռուզաննա Մանուկյանի ցուցումով փոխտնօրեն Հասմիկ Մանուկյանը հայտարարել է ուսանողներին, որ խումբը քննությունը հանձնել է անբավարար, և անհրաժեշտ է այն վերահանձնել, որի ընթացքում բավարար գնահատականներ ստանալու համար յուրաքանչյուր ուսանող պետք է տա 3000-ական ՀՀ դրամ գումար:

Ուսանողներից նորից հավաքվել է պահանջված գումարը և փոխանցել Հասմիկ Մանուկյանին, ով այդ գումարը 2013 թվականի հունիսի 17-ին ամբողջությամբ տվել է Ռուզաննա Մանուկյանին,ում մոտից էլ գումարը հայտնաբերվել է ստանալուց անմիջապես հետո`  ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված կաշառք տալու նմանակում օպերատիվ հետախուզական միջոցառման ժամանակ:

Բացի սրանից,  նույնքան գումար, նույն նպատակով Ռուզաննա Մանուկյանը պահանջել է  «Մանկաբարձական գործ» ավարտական խմբի բոլոր 19 ուսանողներից: Սակայն կաշառք տալու նմանակում օպերատիվ հետախուզական միջոցառումից հետո դեռևս ոչ ամբողջությամբ հավաքված գումարները վերադարձվել են` դրանք տված ուսանողներին:

Ռուզաննա Մանուկյանը մեղադրվում է կաշառք տվողների օգտին գործողություն կատարելու համար, միջնորդների միջոցով կաշառք ստանալու, այսինքն ապօրինաբար 144000 ՀՀ դրամ գումար շորթմամբ պահանջելու և ստանալու, ինչպես նաև նույն եղանակով 57000 ՀՀ դրամ շորթմամբ պահանջելու մեջ:

Գործը քննվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Վարդան Ստեփանյանի նախագահությամբ: ամբաստնյալի հանդեպ, որպես խափանման միջոց, ընտրվել է ստորագրությունը` չհեռանալու մասին:

Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել