ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն դիմած քաղաքացիները հայտնել են, որ սույն թվականի մարտ ամսին Երևան քաղաքում գործող անշարժ գույքի գործակալություններից մեկում հարկադիր կատարող ներկայացած ոմն Արթուր Սամվելյանն իրենց խոստանալով հարկադիր էլեկտրոնային աճուրդով մատչելի գներով ձեռք բերել բնակելի տներ՝ վերցրել է ընդհանուր առմամբ 6.000 ԱՄՆ դոլար, սակայն գործարքները տեղի չեն ունեցել, իսկ գումարը չի վերադարձնում:
ԴԱՀԿ ապահովող ծառայությունը ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել է, որ ԴԱՀԿ աշխատակից ներկայացած Արթուր Եղիազարի Սամվելյանն աշխատել է ծառայությունում 1999-2001 թվականներին՝ որպես հարկադիր կատարող, սակայն ներկայումս որևէ առնչություն չունի հարկադիր կատարման ծառայության հետ: Այս գործի վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին։
Ովքեր տուժել են Արթուր Սամվելյանի նույնանման գործողություններից՝ կարող են դիմել ոստիկանության Մաշտոցի բաժին 34-02-02 հեռախոսահամարով։
ԴԱՀԿ ապահովող ծառայությունը կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքացիներին` նմանատիպ դեպքերում անմիջապես ահազանգել ԴԱՀԿ ծառայության թեժ գիծ՝ 34-22-29 հեռախոսահամարով, կամ հայտնել իրավապահ մարմիններին:
Հիշեցնենք նաև, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդը կազմակերպվում է www.harkadir.ajurd.am կայքի միջոցով, որտեղ մարդկային գործոնի միջամտությունը բացառվում է: Աճուրդի վերաբերյալ այլ մանրամասներ ստանալու համար կարող եք զանգահարել 060 570-438 հեռախոսահամարով՝ տեղեկացնում է ԴԱՀԿ մամուլի ծառայությունը: