Արարատի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինը հիմնականում սպասարկում է Արարատ քաղաքին եւ ՈԿՖ-ի Բանավանի բնակիչներին: Այս մասին iravaban.net-ի տեղեկացրեց Արարատի ՔԿԱԳ տարածքային բաժնի պետ Մարիամ Բալյանը:
«Բայց Արարատ քաղաքում կա ծննդատուն, որտեղ, բնականաբար, գալիս են կողքի գյուղերից ծննդաբերող կանայք: Մենք գրանցում ենք ծնունդը, քանի որ ծնունդը գրանցվում է կամ ծնողների բնակության վայրի ՔԿԱԳ մարմնում կամ երեխայի ծննդյան վայրում»,- ասում է նա:
Վերջին եռամսյակում այդ ՔԿԱԳ տարածքային բաժնում 211 գրանցում են արել, որից 26-ը ամուսնության, 2-ը ամուսնալուծության, 3-ը անվանափոխման, 32 հայրության որոշման և այլն:
Արարատի ՔԿԱԳ տարածքային բաժնի պետ Մարիամ Բալյանի խոսքով` վերջին երկու տարվա ընթացքում որդեգրման դեպք չեն ունեցել: Իսկ ամենաշատը ծնունդի գրանցման դեպքերն են, ինչպես ամենուրեք:
Տեղեկացնենք, որ ինչպես Արարատի ՔԿԱԳ տարածքային բաժնում, այնպես էլ ողջ հանրապետության ՔԿԱԳ տարածքային բաժիններում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան հուլիս 17-ից սկսած իրականացվում է հասարակական մոնիթորինգ երկու փուլով և երկու ամիս տևողությամբ: Նպատակն է է վեր հանել ոլորտում առկա խախտումները, կոռուպցիոն դրսևորումները, մշակել նշված խախտումների վերացմանն ուղղված մեխանիզմներ, բարձրացնել մատուցվող ծառայությունների արդյունավետությունը և որակը:
ՔԿԱԳ տարածքային բաժիններում հասարակական մոնիթորինգ իրականցնող դիտորդ Արմինե Ստեփանյան խոսքով` մոնիթորինգի տվյալները դեռևս հրապարակման ենթակա չեն: