ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ վերացվել է «ԳԱԼԱ» հեռուստաընկերությամբ ցուցադրված «Էս ինչ հաշիվ աաա» տեսանյութի հիման վրա Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը եւ հարուցվել քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154²-րդ՝ «Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը» հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է. «Ընտրողին թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով»:
Հիշեցնենք, որ 2012թ. մայիսի 6-ին «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը տեսանյութ էր ցուցադրել՝ նույն օրը ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում Գյումրի քաղաքի «Շարլ Ազնավուրի» անվան հրապարակում «Գազել» մակնիշի ավտոմեքենայից ընտրակաշառք բաժանելու մասին: