ՀՀ դատաիրավական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագրի իրականացումը մեր իշխանությունների պատվի խնդիրն է: Այս կարծիքին է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ով հավաստիացնում է` իրենք ամեն ինչ անելու են ծրագիրը կյանքի կոչելու համար:
Նախարարի խոսքով` այդ բարեփոխումների առավելությունը համընդգրկուն բնույթի լինելն է: Ծրագիրը չի սահմանափակվել միայն դատական իշխանության ոլորտում: Առաջին անգամ ընդգրկվել է նաեւ իրավաբանական կրթության խնդիրը:
Այսօր Արդարադատության նախարարությունը ներկայացրեց ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագիրը:
Հրայր Թովմասյանի ցանկությունը մեկն է. «Ունենալ իրավական, ժողովրդավարական պետություն, ունենալ արդյուանվետ եւ արդար դատական համակարգ, ունենալ կոռուպցիոն ռիսկերից զերծ պետական համակարգ, կանխատեսելի իրավական դատական համակարգ, այլ ճանապարհ չկա»:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Իրավական վերլուծության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Վարդեւանյանի խոսքով` մեր երկրում դատական իշխանության հետ կապված խնդիրներն ակնհայտ եւ ամենացավալին են:
Իրավաբանը դատաիրավական բարեփոխումների ծրագրում բարձր է գնահատում այն դրույթները, որոնք առաջարկում են մեխանիզմներ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
«Ի վերջո միակ հստակ տարբերակը պայքարելու այն ապօրինությունների դեմ, որոնք դատավորները իրականացում են մեր քաղաքացիների հանդեպ, դա իրենց կարգապահական պատասխանատվության ենթարկելն է: Այդ դեպքում դատավորները կլինեն ավելի զգոն, որն էլ կբերի ապօրինությունների նվազեցմանը»,-ասում է Արամ Վարդեւանյանը:
Նա ծրագիրը մանրամասնորեն ուսումնասիրել է: Վստահեցնում է` այն բավականին լավ է պատրաստված: Իրավաբանը մեկ մտահոգություն ունի` արդյո˚ք ծրագրի իրականացման փուլում խնդիրներ չեն առաջանա: Կա˚ հստակ պատկերացում` ինչպես են իրականացնելու:
Իսկ Հրայր Թովմասյանը բարեփոխումների իրականացման ձեւն իր ուղեղում արդեն պատկերավոր ունի:
«Ծրագրի իրականացումը ես նմանեցնում եմ նաեւ շինարարության, թե ո˚ր վարպետին եմ կանչելու, ինքը ո˚ր աշխատանք է կատարելու, հետո ո˚ր հարկն ենք դնելու, ինչպիսի˚ տեսք է ունենալու: Եւ ես տեսնում եմ այն գեղեցիկ, հարմարավետ շենք, որտեղ ապրելու է հայ ժողովուրդը»,- նշում է նախարարը:
Նրա փոխանցմամբ` աշխատելու են վարկային միջոց չներգրավվել ծրագրի իրականացման համար: Կսահմանափակվեն բյուջետային կամ գրանտային հատկացումներով:
Հրայր Թովմասյանի խոսքով` իրենք սկսել են մի գործ, որի թե’ սկիզբը, թե’ ավարտը նախարարության ձեռքում է լինելու:
Նունե Հովսեփյան