«Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային ՀԿ-ն ապրիլ ամսից աշխատում է ոստիկանությունում հաշվառված անչափահաս երեխաների հետ: Սկզբում նրանց հետ մտերմանում են, ապա վստահություն շահում: ՀԿ-ի հիմնադիր նախագահ Գրիգոր Բաբախանյանի խոսքով` այդ երեխաների հետ աշխատանքը մի քիչ այլ է:
«Ինքը պետք է վստահի մանկավարժին, հետո արդեն այցելի խմբակներ` սովորի կավագործություն, թատրոնի փորձերին մասնակցի, երգի փորձերին եւ աննկատելիորեն փորձում ենք իր մեջ սեր արթնացնել: Հենց որ սերը ծնվեց, մարդն ազնվանում է»,- ասում է Գրիգոր Բաբախանյանը:
Ոստիկանության և «Հայ միասնության խաչ» ՀԿ-ի միջեւ համագործակցությունն իրականանում է Փի- Էյչ Ինթերնեշնլ կազմակերպության աջակցությամբ:
Այսօր Էջմիածին քաղաքում այդ ՀԿ-ում ընդգրկված 15 երեխաները հանդիպեցին ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով զբաղվող ոստիկաններին, խոսեցի իրենց իրավունքներից, ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները: «Հայ միասնության խաչ»-ի դռները բան են բոլոր երեխաների առաջ` անկախ սոցիալական խմբից:
Կազմակերպիչների նպատակը էր երիտասարդության շրջանում առաջնորդության խթանումը:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի խոսքով` վերջին 6 ամսվա արդյունքներով անչափահասների մոտ նկատվում է հանցագործությունների թվաքանակի նվազում` 34 դեպքով: Այդ հանգամանքը ոստիկանը համարում է իրենց ամենօրյա աշխատանքի արդյունքը:
«Եթե երեխան հանցագործություն է կատարում, խնդիրը ծնողի մեջ է` ընտանիքի մեջ է, միանշանակ: Գրեթե բոլոր դեպքերում, եթե վերլուծում ես պատճառներն ու պայմանները, տեսնում ես, որ դրդապատճառը գալիս է ընտանիքից»,- նշում է Նելլի Դուրյանը:
Իրավախախտում կատարած անչափահասները մեկ տարի հաշվառված են մնում ոստիկանությունում, նրանց հետ իրականացվում են կանխարգելիչ բնույթի աշխատանքներ:
Նելլի Դուրյանի փոխանցմամբ` անչափահասների մոտ գերակշռում են գողության և մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերը:
Շվեյցարական կառավարության կողմից իրականացվող «Միջազգային հարաբերությունների մասին գիտելիքներ ամրապնդում ծրագրի շրջանակներում» կազմակերպիչները նաև նվերներ հանձնեցին երեխաներին:
Միջոցառումն ավարտվեց ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Էջմիածինի բաժնում, որտեղ երեխաները շրջեցին Ոստիկանության մասնաշենքում, շոշափեցին ոստիկանների զենքերը, ծանոթացան նրանց առօրյային:
Իսկ վերջում ոստիկանության գնդապետ Դուրյանը կոչ է անում ծնողների առավել ուշադիր լինել երեխաների նկատմամբ` հատկապես դեռահասության շրջանում, քանի որ այդ տարիքում են առաջանում բազմաթիվ խնդիրներ:
Նունե Հովսեփյան