Երեւանը պետք է պահպանի իր քաղաքաշինական ու ճարտարապետական դիմագիծը, ինչը նաեւ բոլոր երեւանցիների ցանկությունն է: Այս մասին այսօր` հուլիսի 23-ին, հայտնել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը` հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
«Ամենօրյա հսկողություն սահմանել ապօրինի շինարարությունների եւ հողազավթումների կանխման ուղղությամբ, բացառել որեւէ անօրինականություն: Բոլոր ապօրինի կառույցները հայտնաբերվելու են, արձանագրվելու եւ քանդվելու են»,-ասել է Երեւանի քաղաքապետը:
Հասարակական տրանսպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցակների համակարգերի տեղադրման հետ կապված` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է փորձարկել պիլոտային ծրագիրը, որպեսզի արդեն աշնանը երթուղային նոր ցանցի շահագործմանը զուգահեռ գործարկվի ամբողջական համակարգը: