Դատախազությունը խախտել է քաղաքացու իրավունքը

Պաշտպանի գրասենյակում հուսահատության արդյունքում պերեօքսիդի լուծույթ խմած Անահիտ Վարդանյանի իրավունքը խախտել է դատախազությունը:

Անահիտ Վարդանյանը, քաղաքից երկար ժամանակով բացակայելուց հետո, հայտնաբերել էր, որ իր հարևանը տիրացել էր իրեն պատկանող քարե ավտոտնակի վրա գտնվող տնակին և դրա ներսում գտնվող գույքին։  Այս մասին հայտնում է ՄԻՊ-ի գրասենյակը: Տիկին Վարդանյանը դիմել էր ոստիկանություն, սակայն գործը որակվել էր որպես քաղաքացիաիրավական, և քրեական գործ չէր հարուցվել։ Շիրակի մարզի քննչական բաժնի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ  որոշման հիմքում դրված նյութերի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ տրված բացատրություններն իրարամերժ էին և հակասական, և միայն քրեական գործի հարուցմամբ հնարավոր կլիներ անցկացնել առերես հարցաքննություններ և պարզել հիշյալ հանգամանքները: Հետևաբար քրեական գործի հարուցումը մերժելը խախտել է քաղաքացու իրավունքը:

Ավելին, տիկին Վարդանյանը ոստիկանություն էր դիմել նոյեմբերի 2-ին, իսկ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում կայացվել էր միայն դեկտեմբերի 12-ին` այդպիսով խախտելով ՀՀ Քր. դատ օրենսգրքի 180-րդ հոդվածով նախատեսված տասնօրյա ժամկետը: Նշված հոդվածի 1-ին մասի համաձայն հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում: Օրենքով հստակ սահմանված ժամկետի երկարաձգման որևէ դեպք նախատեսված չէ: Հետևաբար, խախտվել է նաև օրենքի հստակ պահանջը:

Մինչդատական վարույթում դատախազությանը վերահսկողական լայն լիազորություններով օժտելը հետապնդում է  մի քանի կարևոր նպատակներ, որոնցից են գործի քննության նախնական փուլերում օրենքի խախտումները բացառելը, հանցագործությունների արագ բացահայտումը և անձանց իրավունքների պատշաճ իրականացման համար երաշխիքների ստեղծումը: Ա. Վարդանյանի դեպքում դատախազության ոչ պատշաճ վերահսկողությունը հանգեցրել է ոչ միայն նախնական քննության իրականացման օրենքով սահմանված կարգի, այլև կնոջ իրավական պաշտպանություն ստանալու իրավունքի խախտման:

Պաշտպանի աշխատակազմի միջամտության շնորհիվ հաջողվել է վերականգնել տիկին Վարդանյանի սոցիալական օգնություն ստանալու մեկ այլ խնդիրը, սակայն նրա քրեադատավարական իրավունքների պաշտպանության խնդիրները մնացել են չլուծված:

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել