Մայորը վիրավորել է զինվորին. ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փոխանցմամբ, հերթական միջադեպն է գրանցվել Հայաստանի զինված ուժերում:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Սույն թվականի հուլիսի 12-ին ՀՀ զինված ուժերում գրանցվել է սպայի կողմից 1994 թ-ին ծնված նորակոչիկ Դավիթ Սամվելի Մարկոսյանի արժանապատվությունը նվաստացնող դեպքը:

Դավիթ Մարկոսյանը, զորակոչվել է Վանաձոր քաղաքից, 2012 թ-ի մայիսի 23-ին եւ ծառայության է ուղարկվել Քելբաջարի Չոթռլու գյուղում տեղակայված հակահրետանատանկային 1-ին մարտկոց: Դավիթն այնտեղ մեկ ամիս կարանտինում է եղել: Հուլիսի 7-ին հարազատները մեկնել են Չոթռլու՝ մասնակցելու Դավիթի երդման արարողությանը:

Այնուհետեւ, հուլիսի 9-ին Դավիթին տեղափոխել են «Յանշակ», եւ քանի որ նա վարորդ էր, նրան տրամադրվել է ավտոմեքենա:

Ըստ Դավիթ Մարկոսյանի մոր հայտնած տեղեկատվության՝ հուլիսի 12-ի առավոտյան, դիվիզիայի հրամանատարը՝ մայոր Գարեգին Պողոսյանը, տագնապ է հայտարարել մեքենայի տեխնիկական վիճակը եւ զինվորների պատրաստվածության վիճակը ստուգելու նպատակով: Այդ ժամանակ Դավիթի շալվարի ներքեւի մասը՝ փողքը, երկարաճիտք կոշիկի տակից դուրս եկած է եղել, եւ Դավիթը մի ձեռքով փորձել է ուղղել այն, իսկ մյուս ձեռքով բռնել է զենքը: Նրան է մոտեցել մայոր Պողոսյանը եւ ասել. «Այ ոչխար, հլա ուղղվի» եւ սկսել է ստուգել մեքենան:

Ստուգումն ավարտելուց հետո, Դավիթը գնացել է մայորի աշխատասենյակ, որպեսզի պարզաբանի մայորի կողմից վիրավորանքի պատճառը: Երբ մտել է աշխատասենյակ, մայորին հարցրել է. «Էդ ինձ էիք ասո՞ւմ, այ ոչխար»: Մայորը պատասխանում  է. «Ոչ միայն էդ եմ ասում, այլեւ ուրիշ բաներ» եւ սկսում է սեռական բնույթի հայհոյանքներ տալ: Դավիթը երկու ձեռքով հարվածում է մայորի գլխին՝ ականջների ուղությամբ: Սկսվում է հարվածների փոխադարձում, եւ Դավիթը փորձում է դուրս գալ սենյակից, սակայն մայոր Պողոսյանը բռնում է Դավիթի ձեռքը, եւ չի թողնում: Դավիթը աթոռի հարվածով փորձում է  դուրս պրծնել  մայոր Պողոսյանի ձեռքից:

Դեպքից հետո, հուլիսի 13-ի կամ 14-ի երեկոյան  Դավիթին տեղափոխել են Մարտունիի 5-րդ կայազորի կալանատուն: Գործով ներգրավված է Սեւանի կայազորի բաժնի  քննիչ Արմեն Գեւորգյանը եւ վերջինիս կողմից տրամադրված հանրային պաշտպան Սիրվարդ Ասլանյանը:

Երբ Դավիթի մայրը հանդիպել է նրան հուլիսի 19-ին, Դավիթի այտը ատամից այտուցված է եղել, նա դժվարացել է խոսել: Ըստ մոր խոսքի՝ նա ունեցել է 82-83 կգ քաշ /հասակը՝ 1.80 մ/, սակայն տեսակցության ժամանակ  նիհարած է եղել, եւ այտոսկրերը ցցված են եղել, դաստակին կապտուկ կար, իսկ ոտքը խոսելու ժամանակ դողալիս է եղել: Մոր խոսքով տպավորություն կար, որ Դավիթի ներքեւի առաջնային ատամնաշարը հետ ընկած էր:

Այդ օրը՝ հուլիսի 19-ին տեղի է ունեցել առերեսում մայոր Պողոսյանի հետ, սակայն այդ մասին Դավիթը կամ նրա հարազատները չեն տեղեկացվել: Ավելին, առերեսումը կազմակերպվել է առանց փաստաբանի, չնայած նա գտնվել է զորամասում:

2012 թ-ի հուլիսի 19-ին   Դավիթին ՌՈ 7-րդ կայազորի կալանատնից տեղափոխել են  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Մայրը տեղյակ չէր, թե որդու նկատմամբ կալանքը, որպես խափանման միջոց, կիրառվել է, թե` ոչ»:

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել