Վերլուծական կարողությունների զարգացումը 2012-ին ՊԵԿ բարեփոխումների առաջնահերթություններից է հռչակված: Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից: Ստուգումներն իրականացնելով ընտրողականության սկզբունքով` Պետական եկամուտների կոմիտեն ստեղծել է ստուգումների կազմակերպման միակենտրոն համակարգ: Միաժամանակ խնդիր է դրվել ձևավորել ստուգումների միասնական ձեռագիր, որը միատեսակ պետք է գործի հանրապետության ամբողջ տարածքում, հետևաբար տեղերում առավել ևս կարևորվում է վերլուծական կարողությունների զարգացումը: Այդ նպատակով կոմիտեի ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության թիմը` վարչության պետ Հասմիկ Թորոսյանի ղեկավարությամբ մարզային խորհրդակցությունների շարք է սկսել, հերթական կանգառը հանրապետության երկրորդ քաղաքում էր` տարածաշրջանի հարկային տեսչությունների աշխատակցիների հետ: Նման ձևաչափով հանդիպումների նպատակն է վարչության որդեգրած գործելաոճը փոխանցել նաև մարզային գործընկերներին. «Խորհրդակացությունն ուներ հիմնականում ավելի գործնական բնույթ: Մեր նպատակն էր վարչության որդեգրած գործելաոճը տեղայնացնել մարզերում և իրազեկել վարչության աշխատակիցների կողմից ստուգումների անցկացման գործընթացում կիրառվող վերլուծական և հսկողական նոր գործիքների, նորույթների մասին»,-ընդգծել է ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետը:
Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունը մարզերում հիմնականում տարածքային ստորաբաժանումների հետ համատեղ է իրականացնում ստուգումները, հետևաբար, խորհրդատվական աջակցությունը մարզային գործընկերներին ճիշտ ժամանակին է` պայմանավորված ստուգումների իրականացման նոր ռազմավարությամբ: «Խորհրդակցությունը փաստեց, որ նման ձևաչափով հանդիպումների անհրաժեշտությունը կա տեղերում և այդ աշխատանքները մեր կողմից ունենալու են շարունակական բնույթ»,-վստահեցրել է Հասմիկ Թորոսյանը: Տարածքային հարկային տեսչությունների աշխատակիցները, կարևորելով նման հանդիպումների անհրաժեշտությունն, ընդգծել են, որ խորհրդակցությունն անցել է գործնական մթնոլորտում, ինչի արդյունքում տարածաշրջանի հարկային տեսչությունների աշխատակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալ նոր գործիքներին, որոնց կիրառումն էապես կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը:
Բացառել անհարկի միջամտությունը բիզնեսին. նախ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել, հետո նոր միայն ստուգումներ կատարել. «Մեր նպատակն է օգնելով բիզնես միջավայրին` կանխարգելել խախտումները»,-հանդիպման ընթացքում ընդգծել է Հասմիկ Թորոսյանը: Այն հնարավորություն կտա ստուգումների նվազեցմամբ, միաժամանակ բարձրացնել հսկողության արդյունավետությունը և տարբերակված մոտեցում ցուցաբերել բարեխիղճ և հարկային դաշտը շրջանցող հարկատուների նկատմամբ: