Լռությունը խորացնում է բռնությունը: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» կոչ է անում կանանց չթաքցնել ընտանեկան բռնության դեպքերը:
Այսօր Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը հերթական դատավարությունն էր շարունակում Մարիամ Գևորգյանի գործով:
Դատավարության ընթացքում տուժողին և մեղադրյալին պաշտպանելու եկած մարդիկ դատարանի բակում էին: Երկու կողմն էլ ներկայացնում էր իր փաստարկներն ու բերում հակափաստարկներ:
Մեղադրյալի կողմը հայտնում էր, որ Մարիամ Գևորգյանին ո’չ ամուսինը, ո’չ էլ սկեսուրը խոշտանգումների չեն ենթարկել, իսկ տուժողի փաստաբան Նոնա Գալստյանը բացատրում է. «Նախապես չեմ ուզում այնպիսի հայտարարություններ անել, որոնք իմ կողմից կգնահատվեին որպես ամբաստանյալի անմեղության կանխավարկածի խախտում, սակայն հստակ կասեմ, որ դեռևս նախաքննության փուլում` բոլորս դրա մասին գիտենք, գործում կան դատաբժշկական փորձաքննությունների մի շարք եզրակացություններ, որոնցով հստակ պատասխան է տրվել այն մասին, թե Մարիամ Գևորգյանի մոտ առկա վնասվածքներն ինչի հետևանք են»:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» Մարիամ Գևորգյանի գործով դատարանից պահանջում է արդար և դռնբաց դատաքննություն:
Վերջինս աղջկան անվճար փաստաբան և հոգեբան է տրամադրել: «Մենք մի քանի այլ կազմակերպությունների հետ միասին ընդունեցինք, որ նա ընտանեկան բռնության զոհ է»,- ասում է «Կանանց աջակցման կենտրոն»-ի ղեկավար Մարո Մաթոսյանը:
Նոնա Գալստյանի խոսքով` դռնբաց դատական նիստի անցկացումն ու արդար դատաքննության պահանջը մարդկանց ցանկություն է և դեռևս որևէ մեկը չի ասել, որ տեղի է ունենում ոչ արդարացի դատաքննություն:
Իսկ գործը դռնփակ քննելու որոշում կայացվել է ամբաստանյալի պաշտպանի միջնորդության հիման վրա, որին միացել է նաև տուժողներից մյուսը:
«Դռնփակ դատական քննություն իրականցելը կայացվել է օրենքի պահանջների խախտումով, չի համապատասխանում քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի պահանջներին»,-ասում է Մարիամ Գևորգյանի փաստաբանն ու հավելում, որ որոշումը բողոքարկվել է:
Մեղադրյալի կողմի հարազատներին բարկացրել է նաև Մարիրամ Գևորգյանին պատճառված վնասի փոխհատուցման պահանջը` 17 միլիոն 350 հազար ՀՀ դրամ:
«Իսկ ինչ վերաբերում է մեր կողմից պահանջվող վնասի հատուցմանը, դուք գիտեք, որ ՀՀ օրենսդրությունը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին, ոչ միայն Մարիամին, ով տուժել է հանցագործությունից, որպես տուժող, իրեն պատճառված վնասի համար դիմելու դատարան և ստանալու փոխհատուցում, այսինքն մենք օգտվել ենք օրենքով մեզ վերապահված այդ իրավունքից և պահանջում ենք պատճառված վնասի հատուցում»,- նշում է Նոնա Գալստյանը:
Փաստաբանի խոսքով` ոչ մի աղջիկ իրեն այդ աստիճանի վնասվածքներ չէր հասցնի գումար ստանալու համար և որ իրենք վնասի փոխհատուցման պահանջը ներկայացել են գործի դատակա քննության ժամանակ, ոչ թե նախաքննության:
Հիշեցնենք, որ Մարիամ Գևորգյանը պնդում է, որ սկեսուրը՝ Հայկանուշ Միքայելյանը, իրեն խոշտանգումների է ենթարկել որդու` Դավիթ Զիրոյանի հետ:
Մարիամի ամուսնուն մեղադրանք էր առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման:
Սակայն դատարանի որոշմամբ՝ Զիրոյանն ազատ է արձակվել Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ:
Իսկ սկեսուրի` Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրվել է մեղադրանք քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածնքեր հասցնել) և 119 (խոշտանգում) հոդվածներով:
Դատական քննությունը շարունակվում է:
Նունե Հովսեփյան