«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան վաղը` հուլիսի 19-ին ժամը 13:00-ին կազմակերպելու է ցույց Արարատի և Վայոց Ձորի մարզերի Ընդհանուր իրավասության դատարանի (ք. Արտաշատ) առջև՝ Մարիամ Գևորգյանի գործով հերթական դատավարության առնչությամբ: Վերջիններս պահանջում են արդար դատավարություն և գործի դռնբաց քննություն:
«Նման ակցիաների կազմակերպումը ոչ միայն իմաստազուրկ է, այլ նաև կարող է դիտարկվել որպես դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու միջոց»,- ասում է ՀՀ դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ, ՀՀ դատական ծառայության 2-րդ դասի խորհրդական Արսեն Բաբայանը:
Iravaban.net-ի հետ զրույցում փաստաբան Կարեն Քոչարյանը վերոհիշյալ գործը դռնբաց քննելու մասին կոալիցաիայի պահանջը մեկնաբանում է.
«Դատարանի նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակիցների միջնորդությամբ բացառիկ դեպքերում դատարանի որոշմամբ դռնփակ դատական քննություն կարող է անցկացվել անձնական և ընտանեկան կյանքին, անձի պատվին և արժանապատվությանն առնչվող հանցագործությունների վերաբերյալ գործերով: Հաշվի առնելով, որ սույն գործը վերաբերում է անձնական և ընտանեկան կյանքին, հետևաբար դատարանը կարող է որոշում կայանցել ամբողջ դատական քննությունը կամ դրա համապատասխան մասը դռնփակ անցկացնելու մասին»: