Այսօր` հուլիսի 17-ին տեղի է ունեցել Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը նախագահում էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:
ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական` 12-րդ նիստի օրակարգում տեղ էին գտել մի շարք հարցեր, այդ թվում` ՀՀ-Եմ Ասոցացման, Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի, վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրի կնքման ուղղությամբ կատարված աշխատանքների համառոտ ներկայացումը, ինչպես նաեւ ԵՀՔ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2012-2013թթ. միջոցառումների ցանկի 1-ին կիսամյակի կատարողականի ամփոփումը:
Բացման խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է. «Այս տարի առաջին նիստն ենք գումարում` ամփոփելու համար Հայաստան-Եվրամիություն քաղաքական համագործակցության կիսամյակի արդյունքները: ՀՀ նախագահը ստորագրել է կարգադրություն, հաստատել է 2012-2013թթ. ծրագիրը, որից անցել է վեց ամիս եւ անհրաժեշտություն կա ամփոփելու կատարված աշխատանքները: Գիտեք նաեւ, որ ԵՄ վերջին զեկույցը բավականին դրական գնահատեց ՀՀ-ԵՄ քաղաքական համագործակցությունը, բայց այդուհանդերձ ունենք որոշ խնդիրներ, որոնց վրա պետք է սեւեռենք մեր ուշադրությունը: Պետք է մշակենք շուրջ 25 ծրագրային փաստաթուղթ: Ունենք մեկուկես տարի ժամանակ, եւ այժմ հստակ ժամկետներ կսահմանենք, թե որ գերատեսչությունը երբ է այդ փաստաթուղթը մշակելու եւ ինչ արդյունքներ ենք մենք ակնկալում»:
Ա.Բաղդասարյանն անդրադարձել է նաեւ աշխատանքների կատարման ընթացքում ծագած խնդիրներին, ինչպես նաեւ Եվրոպական հանձնաժողովի կողմից 2012թ. մայիսի 15-ին հրապարակած Հայաստանի 2011թ. առաջընթացի մասին զեկույցին:
Իրենց գերատեսչությունների մասով կատարված աշխատանքների մասին զեկույցներով հանդես են եկել Միջգերատեսչական հանձնաժողովի անդամերը` արձանագրելով դրական արդյունքներ արդարադատության, ազատության եւ անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներում: Դրական է գնահատվել ազատ, խորը եւ համապարփակ առեւտրի, ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող աշխատանքները: Նիստի աշխատանքների ամփոփիչ հատվածում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է, որ ԵՄ գործընկերների հետ նախորդ նիստում քննարկել են Հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկությունների փաթեթ` ուղղված ԵՀՔ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2012-2013թթ. միջոցառումների իրագործման ընթացքում ԵՄ խորհրդատվական խմբի հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով:
Նիստի ընթացքում Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները հանդես են եկել համապատասխան առաջարկություններով: