Հայաստանի քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը հուլիսի 13-ին հերթական աշխատանքային այցն է կատարել Լոռիի մարզ: Վանաձորում, նախարար Սամվել Թադեւոսյանի նախագահությամբ կայացել է պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցվող բնակելի տների բաշխման հանձնաժողովի հերթական նիստը: Նիստին մասնակցել են Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանը եւ շահառու բոլոր գյուղական համայնքների ղեկավարները:
ՀՀ Քաղաքաշինության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են Լոռու մարզում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած, սահմանված կարգով հաշվառված մոտ 95 ընտանիքների փաստաթղթային փաթեթները: Քննարկման առարկա է դարձել համայնքի ղեկավարների կողմից հաստատված հերթացուցակում հաշվառված, սակայն իրենց փաթեթներն անհրաժեշտ փաստաթղթերով համալրելու վերաբերյալ նախարարության կողմից իրազեկման գրություններում նշված ժամկետում փաստաթուղթ չներկայացրած ընտանիքներին ծրագրի շահառու ճանաչելու հարցը:
Մինչ նիստը, նախարար Թադեւոսյանի եւ մարզպետ Նալբանդյանի գլխավորած աշխատանքային խումբը, գյուղական բնակավայրերի շինարարական ընթացքին ծանոթանալու նպատակով` այցելել է մարզի Լեռնապատ եւ Լեռնանցք գյուղեր: Ծանոթացել են ինչպես կիսակառույց, շինարարական ընթացքի մեջ գտնվող տների, այնպես արդեն բնակություն հաստատած տների վիճակին: Նախարար Թադեւոսյանը կարեւորել է վերոնշյալ պետական ծրագրի շրջանակներում գյուղական բնակավայրերում կառուցվող տների անհրաժեշտությունը, ինչպես նաեւ այդ շինարարության գործընթացներում համայնքի բնակիչների ընդգրկվածության խնդիրը: «Կարծում եմ, կհամաձայնեք, որ յուրաքանչյուր տղամարդու համար մեծ պատիվ է սեփական տան կառուցումը: Պետությունն այս ծրագրով արդեն մի քանի տարի է աջակից է ոչ միայն անօթեւան ընտանիքների բնակարանային խնդրի լուծմանը, այլեւ դրա միջոցով ինչ որ տեղ նաեւ գյուղական համայնքներում աշխատատեղերի խնդրի մեղմմանը»,- Լեռնապատ եւ Լեռնանցք գյուղերի բնակիչների հետ զրույցի ժամանակ նշել է նախարար Թադեւոսյանը: Իր հերթին մարզպետ Նալբանդյանը տեղեկացրել է, որ այս տարի, սեփական տան շինարարությանը մասնակցեու մտքից ոգեւորված, գյուղական համայնքների տղամարդկանց մեծ մասը ձեռնպահ է մնացել արտագնա աշխատանքի մեկնելուց: