ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի պարզաբանումը ՄԻՊ-ի հայտարարության վերաբերյալ

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր Սեւանա լճի մասին օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ  հայտարարություն է արել, որին արձագանքել է Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն:

Կամիտեի պարզաբանման մեջ, ասվում է.

«Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունների նախագիծը, մինչեւ Ազգային ժողովի կողմից ընդունվելը, քննարկման է ներկայացվել օրենքով սահմանված ընթացակարգերի համապատասխան:

Նախագիծը քննարկվել է թե ԳԱԱ Սեւանա լճի պահպանության  փորձագիտական հանձնաժողովում, թե ՀՀ նախագահին կից Սեւանի հարցերով հանձնաժողովում: Մինչ ԱԺ լիագումար նիստում ներկայացվելը այն քննարկվել է նաեւ ԱԺ  գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում, որի նիստին հրավիրված են եղել նաեւ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ուստի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ նշված այն մտահոգությունը, թե հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հնարավորություն չի ընձեռվել դիրքորոշում հայտնել, տեղին չէ: Այլ խնդիր է, որ վերոնշյալ նիստի ժամանակ պետական մարմինների եւ ՀԿ-ների ներկայացուցիչների տեսակետները տարբեր են եղել»:

Հիշեցնենք, որ այսօր iravaban.net-ը հրապարակել էր ՄԻՊ- ի հայտարարությունը Սեւանի մասին օրենսդրության փոփոխություններին վերաբերյալ, որում ասվում էր. «ՀՀ կառավարությունը հունիսի 15-ին ներկայացրեց եւ Ազգային ժողովը ընդունեց օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով նախատեսվում է Սեւանա լճից ջրի բացթողման տարեկան ծավալ 170 մլն խմ-ի փոխարեն սահմանել 320 մլն խմ: Այս կապակցությամբ Պաշտպանի գրասենյակում կազմակերպվեց կլոր սեղան-քննարկում պետական մարմինների եւ մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Քննարկման արդյունքում պարզ դարձավ, որ օրենսդրական նշված փոփոխությունների ընդունման գործընթացում հասարակական լսումներ չեն կազմակերպվել, եւ հետեւաբար հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ազդակիր համայնքին եւ հասարակության շահագրգիռ այլ անդամներին հնարավորություն չի ընձեռնվել մինչ օրինագծի ընդունումը արտահայտել իրենց դիրքորոշումը եւ որեւէ կերպ ակնկալել դրա ներառումը օրինագծում: Հաշվի չեն առնվել օրենքի փոփոխությամբ Սեւանի ավազանի էկոհամակարգի վերաբերյալ բնապահպանների ահազանգերը: Միեւնույն ժամանակ քննարկման բոլոր մասնակիցները կարեւորեցին գյուղատնտեսական նշանակության հողատարածքների ոռոգումը եւ գյուղացիների համար եկամտի աղբյուրի ապահովումը»:

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել