Ս.թ. հունիսի 19-ին Ժնևում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 20-րդ նստաշրջանի շրջանակներում Ավստրալիայի, Հունգարիայի, Նիգերիայի, Թաիլանդի և Ուրուգվայի ներկայացուցչությունները կազմակերպեցին բարձրաստիճան միջոցառում`պաշտպանելու պատասխանատվության սկզբունքի կիրառման հարցում Մարդու իրավունքների խորհրդի կարևոր դերի ուսումնասիրման նպատակով: Քննարկման կենտրոնում էին պաշտպանելու պատասխանատվության երկու հիմնարար “սյուները”` սեփական ժողովրդի պաշտպանելու պետության պատասխանատվությունը և միջազգային հանրության կողմից պետություններին իրենց բնակչությանը ցեղասպանությունից, պատերազմի հանցանքներից, էթնիկ զտումներից և մարդկության դեմ հանցանքներից պաշտպանելու հարցում օժանդակություն տրամադրելու հանձնառությունը:
Քննարկումների ընթացքում Հայաստանի պատվիրակությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում կարևորեց պաշտպանության պատասխանատվության սկզբունքը մարդկության անվտանգության համակարգում: Նշվեց, որ հայ ժողովուրդը վերապրեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որի արդյունքում զոհվեց 1.5 մլն հայ և այդ պատճառով Հայաստանը ողջունում է մարդկության դեմ ոճրագործության կանխարգելմանն ուղղված ցանկացած ջանք: Որպես այս առումով դրական փորձի օրինակ նշվեց Հայոց սփյուռքի և Հայաստանի միջև համագործակցության արդյունքում տասնյակ երկրներում Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը:
Անդրադառնալով քննարկվող հիմնարար “սյուներին”, ՀՀ պատվիրակությունը նշեց, որ 1.5 մլն հայերի կոտորածը պետության` սեփական բնակչությանը պաշտպանելու պատսախանատվության սկզբունքի ձախողումն է, իսկ 2.5 մլն հայերի փրկությունը, Հայասատնի, Հայոց Սփյուռքի և հայ ժողովրգի գոյությունը` միջազգային հանրության կողմից պաշտպանելու հանձնառության հաջողությունն է:
Ս.թ. հունիսի 20-ին Լեհաստանի և Հունգարիայի ներկայացուցչությունները Ցեղասպանության և զանգվածային ոճրագործությունների միջազգային կանխարգելման Բուդապեշտյան կենտրոնի հետ համատեղ կազմակերպեցին Ռաֆայել Լեմկինի հիշատակին նվիրված աշխատանքային քննարկում, որի թեման էր “Լեմկինի անվան մրցանակի սահմանումը ցեղասպանության և զանգվածային կոտորածների կանխարգելման համար”:
Քննարկումների ընթացքում Հանաստանի պատվիրակությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում անդրադարձավ ցեղասպանությունների կանխարգելման գործում Լեմկինի անգնահատելի դերին: Ցիտվեց Ռ. Լեմկինի հայտնի արտահայտությունը. “Մենք շուտ ենք մոռանում: Երեկ զոհերը “միայն” հայեր էին, այսօր `”միայն” հրեաներ – բայց նաև լեհեր և այլ եվրոպացիներ: Արդյոք ո՞վ կլինի վաղը”: Հայաստանի պատվիրակությունը նշեց նաև ցեղասպանության կանխարգելման հարցում ներդրում ունեցողներին ՀՀ նախագահի մրցանակի և Ցեղասպանության թանգարանի կողմից սահմանված հայոց ցեղասպանության ուսումնասիրման համար նախատեսված կրթաթոշակի մասին:
Թուրքիայի պատվիրակությունը ի պատասխան հնչեցրեց իր մոտեցումները, որը բացասական ընդունվեց ներկաների կողմից, որոնք այն գնահատեցին որպես պատասխան ոչ թե Հայաստանի պատվիրակությանը, այլ Լեմկինին: