ԱՄՆ արեւմտյան շրջանի ՀՅԴ կենտրոնական կոմիտեի պատվիրակությունը հանդիպել է Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսի հետ` քննարկելու համար ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում նրա թիկնազորի կողմից ռազմական բժիշկներին ծեծի ենթարկելու փաստը, որի հետեւանքով մահացել էր Վահե Ավետյանը, հաղորդում է «Ասպարեզը»:
ՀՅԴ կենտկոմի անդամներ Ավետիք Իզմիրլյանը եւ Վիգեն Յակուբյանը հանդիպել են Հայաստանի գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանի եւ հյուպատոսության աշխատակիցների հետ, որի ժամանակ իրենց մտահոգությունն ու վրդովմունքն են հայտնել տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, նաեւ հույս հայտնելով, որ կատարված հանցագործության համար կալանավորվածները կենթարկվեն պատասխանատվության` օրենքի ողջ խստությամբ:
ՀՅԴ անդամները հյուպատոսին հիշեցրել են, որ Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցությունը թիկնապահների լիազորությունների կանոնակարգման վերաբերյալ օրենքի հեղինակն էր եւ որ իրենք ակնկալում են, որ օրենքի դրույթները ամբողջությամբ կկատարվեն:
ՀՅԴ պատվիրակությունը նաեւ կոչ է արել ՀՀ իշխանություններին վերջ դնել օրինախախտումներին: