Մարդու մահը և մանդատի վայր դնելը հավասարազոր չեն: Ամենամեծ վտանգը ոչ թե ֆիզիկական բռնությունների ենթարկվելն է, այլ մեր ներսում ստրուկ պահելն է: «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանն այս կարծիքն արտահայտեց` անդրադառնալով այն տեսակետներին, թե վտանգավոր է Ռուբեն Հայրապետյանի դեմ հանդես գալը: Իրենք ոչ ոքից չեն վախենում, քանի որ իրենք են երկրի իրական տերն ու պահանջատերը:
Երեկ երեկոյան Ռուբեն Հայրապետյանը վայր է դրել իր մանդատը` հայտարարելով, թե ինքը Վահե Ավետյանի մահից հետո բարոյական պարտավորություն է զգում և հույս ունի մի օր ներում ստանալ Վահեեց ընտանիքում:
Սակայն քաղաքացիներն այդքանով չեն բավարարվում: Նրանք այսօր հավաքվել էին Ազգային ժողովի մոտ` պահանջնելով «Հարսնքարի» դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործում Ռուբեն Հայրապետյանին ներգրավել որպես կասկածյալ, հեռացնել Ռուբեն Հայրապետյանին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, ինչպես նաև քրեական գործում ներգրավել հանցագործության հետ առնչվող բոլոր անձանց:
Ակցիայի մասնակից Եղիա Ներսիսյանի խոսքով` Ռուբեն Հայրապետյանի մանդատի վայր դնելը քաղաքացիների ճնշումների արդյունքն էր:
«Նման մարդիկ չեն մեղանչում: Ակցիաները շարունակվելու են մինչև ունենանք սահմանադրական երկիր: «Նեմեց Ռուբոն» ընդամենը մի մարդ է ամբողջ այս համակարգի մեջ: Ամբողջ համակարգը պետք է առողջ լինի: Դրա համար հերթով, հետևողական բոլորի նկատմամբ»,- ասում է նա:
Քաղաքացիները պահանջում են նաև Ազգային ժողովում հրավիրել արտահերթ նստաշրջան, ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի «Հարսնքարի» գործի բացահայտմամբ:
«Մենք ունեցել են 2008թ-ի նմանատիպ դեպք: Ալրաղացի Լյոիկ կոչեցյալի, հանրապետական կուսակցության պատգամավորի թիկնազորի կողմի ծեծի ենթարկված քաղաքացու մահացու ելքով նախադեպ, և մնացել է անպատիժ: Մենք ունեցել ենք Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի կողմից «Առագաստ» սրճարանում ծեծի ենթարկված, արդյունքում մահացած Պողոս Պողոսյանի նապադեպը, և մենք հետամուտ չենք եղել: Այսօր մենք`քաղաքացիական հասարակությունս, հետամուտ ենք լինելու նմանատիպ դեպքերին և այլևս թույլ չենք տալու, կանխարգելելու ենք ցանկացած քաղաքացու հանդեպ բռնության կիրառումը»,- ասում է «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամ Զարուհի Հովհաննիսյանը:
Ակցիայի մասնակիցներն Ազգային ժողովի մոտից շարժվեցին դեպի Գլխավոր դատախազություն:
Հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանն իր ելույթում նշեց, որ այսօր առանձին- առանձին դիմելու են Հայաստանում բոլոր երկրների դեսպաններին, հյուպատոսներին, որպեսզի Ռուբեն Հայրապետյանին ելքի վիզա չտան: Ըստ հրապարակախոսի` նա պետք է պատժվի Հայաստանի’ Հանրապետության օրենքների ամբողջ խստությամբ:
Նունե Հովսեփյան