Կամ մեր հասարակությունը հորինող, ստախոս մարդկանց հավաքածու է, կամ մեր ոստիկանությունն ու դատախազությունն այնպես են քննում գործերը` բերելով մի իրավիճակի, որ մարդիկ զլանում են իրենց իրավունքները պաշտպանել: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսպիսի հետևություն է անում Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստացած շուրջ 100 ընտրակաշառքի դեպքերի վերաբերյալ, որոնցից միայն մեկ տասնյակն են այսօր քննության փուլում:
«Բոլոր դեպքերում ոստիկանությունը ստանդարտ պատասխաններ է տվել դատախազության հետ միասին, թե այդ զանգերը ճանաչվել են անարաժանահավատ»,- ասում է Օմբուդսմենը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կարեն Անդրեասյանը անդրադարձավ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իր ներկայացրած արտահերթ զեկույցի հիմնական շեշտադրումներին:
Ըստ Պաշտպանի` ընտրացուցակներում հիմնական խնդիրը եղել է այն հարցը, որ երկար ժամանակ Հայաստանում չբնակվող կամ կոնկրետ հասցեում չբնակվող մարդիկ ինչո˚ւ են եղել հաշվառված և ինչո˚ւ են հայտնվել ընտրական ցուցակներում: Կարեն Անդրեասյանն առաջարկում է գալիք ընտրություններից առաջ օրենսդրական այնպիսի փոփոխություն անել, որպեսզի ոստիկանությանը հնարավություն տրվի դուրս բերել այն անձանց ընտրական ցուցակներից, ովքեր երկարաժամկետ Հայաստանում չեն գտնվում:
ՄԻՊ-ի կարծիքով` ընտրությունների ընթացքի լուսաբանումն այս անգամ եղել է շատ հավասակշռված, սակայն բովանդակային առումով թերացումներ եղել են:
ՄԻՊ-ի ներկայացրած արտահերթ զեկույցին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: