Հունիսի 30-ի երեկոյան «Հարսնաքար» ռեստորանի դիմաց հարյուրավոր քաղաքացիներ մոմավառություն են անցկացնում նվիրված Վահե Ավետյանի հիշատակին:
Մասնակիցները մոմերը ձեռքներին, լուռ ոգեկոչում էին զոհված սպայի հիշատակը: Շատերի ձեռքին պաստառներ էին, որոնց վրա գրված էին «Ես Վահե Ավետյանն եմ», «Չես մարսելու» պաստառները:: Այնուհետև, Վահեի համար կազմակերպած մոմավառության ակցիան մասնակիցների կողմից վերածվեց բողոքի ակցիայի և մասնակիցները փորձեցին մոտենալ «Հարսնաքար» ռեստորանային համալիրին՝ ուր ընթանում էր հերթական հարսանյաց արարողութունը: Մոտենալով համալիրի կենտրոնական մուտքին, որի լույսերը անջատված էին, մասնակիցները սկսեցին վանկարկել. «Նեմեց մարդասպան» «Նեմեց հեռացիր» «Արդարություն»: Սակայն նրանց խոչընդոտեցին համալիրը պաշտպանող ոստիկանները, որին ի պատասխան հավաքվածները սկսեցին գոռալ «Նեմեցի ոստիկաններ», «Օլիգարխի ոստիկան» :
Նույնիսկ սկված հորդառատ անձրեւը չստիպեց մարդկանց հեռանալ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտից, մինչեւ չհնչեց կոչ հավաքվել վաղը` հուլիսի 1-ին նախագահի նստավայրի մոտ եւ շարունակել ակցիան:
Facebook-ն այս րոպեներին հեղեղված է ցավակցություններով: Ցավակցում են թե՛ քաղաքական գործիչներ, թե՛ կուսակցություններ, թե գիտնականներ ու քաղաքացիներ: Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր անգամ իրենց նկարը փոխարինել են Վահեի նկարով:
Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, գիտական խմբի ղեկավար, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյանն իր ստեղծած Գիտական լրագրության խմբում մտավորականների անունից խորին ցավակցություն է հայտնել Վահե Ավետյանի հարազատներին և մտերիմներին՝ հույս հայտնելով, որ երկրի ղեկավարությունը հնարավոր ամեն ինչ կանի, որ բոլոր մեղավորները պատժվեն և նման դեպքերն իսպառ բացառվեն մեր հասարակության մեջ: «Ինչ վերաբերում է «Հարսնաքարի» փակելուն (գոնե ժամանակավոր), չեմ թաքցնում, դա հենց իմ առաջարկությունն է, և կարծում եմ դա առաջին քայլն է, որ պետք է անել: Եթե այդպիսին է այդ համալիրի դրվածքը, ապա այն իրավունք չունի գոյություն ունենալու: Ինչպե՞ս կարելի է ուրախանալ այդ նույն վայրում, որտեղ մի քանի օր առաջ մարդ են սպանել այդ ռեստորանի աշխատակիցները: Դա առնվազն անբարոյական է, էլ չեմ ասում` վտանգավոր: Կոչ եմ անում բոլոր լրագրողներին խիստ գնահատականներ տալ և անտարբեր չմնալ այս երևույթին, որը մեր հասարակությունը տանում է դեպի անդունդ»,- գրում է Արեգ Միքայելյանը: Վերջինիս համար ցավալի է, որ երկրի ղեկավարությունը և համապատասխան պաշտոնյաները` ոչ ՀՀ նախագահը, ոչ ԱԺ նախագահը, ոչ վարչապետը, ոչ պաշտպանության նախարարը, ոչ ոստիկանապետը, առ այսօր պատշաճ կերպով չեն արձագանքում տեղի ունեցածին, գնահատական չեն տալիս:
Հիշեցնեք, որ 35-ամյա զինվորական բժիշկ Վահե Ավետյանը երկու մանկահասակ երեխաների հայր էր: Նա դաժան ծեծի էր ենթարկվել “Հարսնաքար” ռեստորանում հունիսի 17-ին ռեստորանի անվտանգության աշխատակցի եւ ԱԺ պատագամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամների կողմից:
«Պահանջում ենք փակել «Հարսնաքար» ռեստորանը և նրա սեփականատեր Ռուբեն Հայրապետյանին զրկել ԱԺ պատգամավորության մանդատից» ֆեյսբուքյան խմբի անդամներն առաջարկում են խորհել բժիշկի թաղումը բողոքի ակցիայի վերածելու մասին: