Այսօր ՀՀ արդարադատության նախարարի 29.06.2012թ. թիվ 116-Ա հրամանով «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի նկատմամբ, որպես կագապահական տույժ, կիրառվել է գործունեության կասեցում՝ 2012թ. հունիս 30-ից մինչև դեկտեմբերի 28-ը ներառյալ:
iravaban.net-ը փորձեց Ալվարդ Մելքոնյանից ստանալ իր տեսակետը կատարվածի վերաբերյալ: «Տնաշեններ, էս ի˚նչ ձևի ազգ եք, որ լավ բան լինի մեկին չեք զանգի շնորհավորեք, որ վատ բան ըլնի, զանգեք ասեք աչքդ լո˚ւյս»,- բարկացած պատասխանեց Ալվարդ Մելքոնյանը:
2009թ.-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսակական աջակցությամբ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան իրականացրել է “ՀՀ նոտարական գրասենյակների բազմակողմանի մոնիթորինգ” ծրագիրը: Դիտորդական առաքելությունն իրականացվել է 2009 թվականի օգոստոսի 18-ին և ավարտվել է նույն թվականի սեպտեմբերի 15-ին: Ծրագրի ավարտին կազմվել է մոնիթորինգի արդյունքների զեկույց:
Զեկույցում տեղ է գտել նաև մի շարք խախտումներ «Կենտրոն»-ի նոտարական գրասենյակի աշխատանքի վերաբերյալ: Ավելին` մոնիթորինգն իրականացնելու օրը ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն արգելել է դիտորդներին մտնել նոտարական գրասենյակներ: Մոնիթորինգն իրականացվել է հարցը ՀՀ վարչապետին ներկայացնելուց հետո միայն:
Ստորև ներկայացնում ենք մի հատված այդ զեկույցից.
«Երևանի «Կենտրոն»-ի նոտարական գրասենյակում նախապես հերթագրվելու կարգը ընդհանրապես չէր գործում: Ավելին, ինչպես հաղորդում է դիտորդը, «նոտարը գորգոռում էր հերթի մեջ կանգնած մի ծերունու վրա այն պատճառով, որ ծեր մարդը երկար սպասելուց հետո դժգոհում էր` տեսնելով, թե ինչպես անվերջ, առանց հերթի քաղաքացիներ են մտնում նոտարի մոտ»: Այս նոտարական գրասենյակում նոտարների ծանոթները, իրավաբանները, անշարժ գույքի գործակալներն առանց հերթի մտնում էին, արագ գործարքներ կատարում, այնինչ շարքային քաղաքացիների գործարքները տևում էին 30 րոպեից մինչև 2 ժամ: Ըստ դիտորդի այստեղ «տիրում էր ակնհայտ խտրականություն, խտրականությունը երևում էր նաև վճարի չափերի հետ կապված»: Ուստի և հասկանալի է, որ գրանեյակի հաճախորդներից շատերը դժգոհում են նոտարների արհամարական և կոպիտ վերաբերմունքից անտարբերությունից»:
«ՀՀ նոտարական գրասենյակների և ՔԿԱԳ տարածքային բաժինների հասարակական մոնիթորինգ» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում, որն իրականացվել է 2011 թվականի ապրիլի 4-ից մինչև մայիսի 13-ը, ևս անդրադարձ կա Երևանի «Կենտրոն»-ի նոտարական գրասենյակի աշխատանքի վերաբերյալ:
Եվս մի հատված երկրորդ զեկույցից.
«Երևանի «Կենտրոն»-ի նոտարական գրասենյակում դիտորդը արձանագրել է. «Սփյուռքահայ ամուսինները և մի քաղաքացի դեռևս ընդմիջումից առաջ սպասում էին նոտարին: Արդեն 17:30 էր, սակայն նրանց չէին սպասարկել, քանի որ մշտական հաճախորդները և թարգմանիչները անընդհատ, բազմաթիվ փաստաթղթեր ձեռքներին, մտնում էին նոտարի աշխատասենյակ: Սպասողները աղմուկ բարձրացրեցին և թարգմանչուհուն ասացին, թե ինչ իրավունքով են անընդհատ մտնում նոտարի աշխատասենյակ և երկար ժամանակով զբաղեցնում նոտարին: Թարգմանչուհին կոպիտ պատասխանեց, որ ինքն աշխատող է և ունի իրավունք: Այնուհետև, նոտարը դուրս եկավ և ասաց, որ թարգմանչուհիները իրենից ժամանակ չէին խլում, որ իր օգնականն է զբաղվում նրանցով: Նա նաև ասաց, որ աղմուկ պետք չէ բարձրացնել և ցույց տվեց իր աշխատասենյակի դռան վրա փակցված հայտարարությունը «նոտարն առաջին հերթին սպասարկում է նախօրոք հերթագրված քաղաքացիներին»: Այդ գրասենյակում քաղաքացիներից մեկն ասաց, որ նա հաճախ է օգտվում տվյալ նոտարական գրասենյակից, ամեն անգամ տալիս է 5000 դրամ և սպասարկվում առանց հերթի և արագ»:
Այսօր «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանին կարգապահական տույժի ենթարկելու պատճառը եղել է ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացված Սոնիկ Մաղաքյանի, ինչպես նաև մի շարք այլ քաղաքացիների բողոքը կապված ՀՀ քաղաք Երևան Արամի փողոց 72-80 հասցեում գտնվող նորակառույց շենքի բնակարանների նախնական առուվաճառքի պայմանագրերի կնքման (վավերացման) հետ:
Հիշեցնեք, որ վաղը տեղի է ունենալու Նոտարական պալատի բացման արարողությունը: Ավելի վաղ` ապրիլի 22-ին, կայացել էր նոտարական պալատի հերթական ընտրությունները, ընտրվել էին նոր նախագահ, նախագահի տեղակալ և վարչության անդամներ: