«Դադիվանքը հանձնվեց ուդիներին»․ Տ․ Դերենիկ աբեղա Սահակյան

Եվս մեկ անպատիժ մշակութային գողություն․ Դադիվանքը հանձնվեց ուդիներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տեր Դերենիկ աբեղա Սահակյանը, ով Դադիվանքի վերջին վանահայրն է եղել։

«Փաստորեն, ավելի դժվար է ճշմարտությունը ներկայացնել, քան սուտը հերքել։ Ցավ ի սիրտ, մեր պատմության մեջ շատ ենք հանդիպել այս դեպքին, երբ ճշմարտությունը խեղաթյուրվել է, մեր մշակութային ինքնության կնիքը մեզնից խլվել է, մեզանից գողացվել է մեր ստեղծածը, որը կա՛մ ոչնչացվել է, և կա՛մ սեփականացվել է այլ անվան տակ։

Զոր օրինակ Արևմտյան Հայաստանի մի ողջ պատմամշակութային ու հոգևոր բացառիկ, հարուստ ժառանգություն խլվեց մեզանից և սեփականացվեց թշնամու կողմից, որոնք համաշխարհային պատմության մեջ իրենց խոսքն են ասել։ Սա անմշակույթ թշնամուդ, այստեղից այնտեղից գողացված արժեքների արժեզրկման գործելաոճն է։

Դադիվանքում, ամենաքննախույզ հնագետի աչքերով անգամ չես գտնի մի՛ քար, մի՛ տառ, մի՛ գրություն, որի վրա օտարի շունչ լինի։ Ճարտարապետությունն ամբողջությամբ հայկական է, արձանագրությունները՝ հայերեն, պատմությունն ամբողջությամբ հայկականությամբ է լցված, իսկ Դադիվանք տանող բոլոր ճանապարհներն ուղեկցվում են խաչքարերով ու մատուռներով։

Այս ամենն անառարկելի ու անժխտելի աղաղակող փաստեր են, որոնցով լցված են վանքի ամեն մի անկյունը։ Իսկ պատմական փաստերի մեջ խորամուխ լինելու համար ընդամենը կարելի է բացել պատմության որևէ գիրք և այնտեղ նորից վանքի հայն ու հայկականությունը դուրս կգա։ Բայց ահա 21-րդ դարին, իբրև մշակութահարգ ու մշակութապահպան ժամանակների, ճշմարտության աչքերի առջև նորից պղծվեց պատմությունը, և թշնամին իր սև գործը կատարեց՝ Դադիվանքը վերագրելով և հանձնելով ադրբեջանում բնակվող ուդիական կոչվող կրոնական մի խմբի, որոնք ոչ մի կապ չունեն վանքի հետ։

Հ. Գ. Արցախի հոգևոր մշակույթին, ժառանգությանը հաղորդ դառնալու համար պետք է կարդալ Րաֆֆու «Խամսայի մելիքություններ» գործը, ուր գրված է նաև այս միտքը, որը շատ բան է մեզ հասկացնել տալիս, կրկնվող պատմության և այդ պատմությունից դասեր չքաղած ծույլ։

ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ…
Հայոց վերքերը ի հայտ եկան
անմիաբանությունից,
երկպառակտությունից
և հային հատուկ օտարասիրությունից»,-նշել է նա։

Iravaban.net-ի «Դադիվանքը չմարսված կտոր էր․ ես ինձ չեմ համարում վերջին վանահայր»․ նյութը կարող եք կարդալ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել