Սուրեն Մ․-ն Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող գործերից մեկով ունենալով՝ մեղադրյալի դատավարական կարգավիճակ, դատավոր Սերժ Ռուշանյանի կողմից դատական նիստերի դահլիճում ոտքի կանգնած անձանց նկատմամբ՝ որպես սանկցիա «նկատողություն» կիրառելուց և դատական նիստի մասնակիցներին դատական նիստի բնականոն ընթացքի՝ այն է դատական նիստերի դահլիճում գտնվելու կամ դուրս գալու վերաբերյալ պարզաբանումներ տալու ընթացքում հայտարարել է. «Դուրս եք գալիս՝ ի՞նչ անեք, ձրի թատրոն է, տեսեք»: Այնուհետև դատավոր Սերժ Ռուշանյանի կողմից Սուրեն Մ․-ի նկատմամբ վարույթից հեռացնելու մասին դատավարական սանկցիա կիրառելու ընթացքում անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել դատարանի նկատմամբ, վիրավորել է պաշտոնեական լիազորություններն իրականացնող դատավորին, ասելով՝. «Թքած ունեմ քո որոշման վրա, դու մեզ թշնամացնում ես, սրիկայի մեկն ես», որից հետո հավելել է. «Սրիկաներով հավաքվել եք և որոշում եք՝ ես հանցագործ եմ, ով եք դուք վաբշե արա, տարիներ հետո դրա պատասխանը կստանաք, ով եք դուք ընդհանրապես, թքած ունեմ ձեր վրա էլ, ձեր որոշման վրա էլ»:
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 7-ին և մակագրվել դատավոր Սասուն Մխիթարյանին։
Սուրեն Մ․-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Այն է՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Նշվում է, որ խափանման միջոց չի ընտրվել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: