Փոփոխություններ են կատարվել վիրաբուժական, թերապևտիկ, նյարդային, աչքի և ԼՕՌ հիվանդությունների ցանկում․ ՆԳՆ

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նոյեմբերի 14-ին ՆԳՆ ոստիկանության բժշկական հանձնաժողովի անձնակազմի հետ քննարկել է ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջների վերանայման հարցեր։

Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

Ընդգծելով ՆԳ նախարարության համար թեմայի կարևորությունը՝ փոխնախարարը մատնանշել է ծառայության անցնելու արհեստական խոչընդոտների վերացման և ավելի լավ բժշկական զննության գործընթացի ապահովման անհրաժեշտությունը։

«Յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է ունենալ այնպիսի հիվանդությունների ցանկ, որն իրականում նաև անվտանգ կլինի ծառայողների հետագա աշխատանքի և, առհասարակ, կյանքի և առողջության համար: Փոփոխությունները պրակտիկ իրագործելի են և մենք կկարողանանք ապահովել ավելի լավ բժշկական զննության գործընթաց»,-ասել է Արփինե Սարգսյանը։

Արփինե Սարգսյանը ծառայողի առողջական վիճակին ներկայացվող պահանջների լավարկման գործընթացում ակտիվ ներգրավվածության և թիմային արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել ՆԳՆ ոստիկանության բժշկական վարչության պետ Սուսաննա Մուրադյանին, Ոստիկանության բժշկական հանձնաժողովի անդամներին և ՆԳՆ անձնակազմին։ Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել նաև ՄԱԶԾ գործընկերներին՝ սերտ համագործակցության և փորձագիտական աջակցության համար։

Փոփոխություններն առաջարկվել են հաշվի են առնելով վիճակագրական տվյալները, կլինիկական վերջին ուղեցույցները։ Մասնավորապես, փոփոխություններ են կատարվել վիրաբուժական, թերապևտիկ, նյարդային, աչքի և ԼՕՌ հիվանդությունների ցանկում։

Ըստ համապատասխան խմբերի՝ անդրադարձ է կատարվել հիվանդությունների կլինիկական պատկերին և պրակտիկ դրսևորումներին, ոլորտը կարգավորող իրավական ակտերը մերօրյա մարտահրավերներին ու բժշկական ոլորտի նոր ձեռքբերումներին համապատասխանեցնելու հարցերին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել