Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվեցին

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, հրապարակեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ խորհուրդը որոշեց բավարարել նախարարության միջնորդությունը և դատավորի լիազորությունները դադարեցնել։

Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ խորհրդում գործի քննությանը մասնակցած 9 անդամներն էլ կողմ են քվեարկել որոշման ընդունմանը։

Հիշեցնենք՝ Արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանը հայտնել էր, որ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել արդարադատության նախարարությունում ստացված հանգուցյալ դատախազի կողմից ներկայացված հաղորդումը։

«Ցանկանում եմ նշել, որ դատավորի կողմից թույլ են տրվել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված դատավորի վարքագծի կանոններ։ Նշված քրեական գործը դատավորը քննել է շուրջ 3 տարի, և գործով նշանակված 18 դատական նիստերից 14-ը հետաձգել են՝ այդպիսով դատական նիստերի կայացման նպատակով անհրաժեշտ ջանասիրություն չցուցաբերելով»,-ասել էր նա։

Սուջյանը նշել էր նաև, որ գործին ներգրավված է եղել միայն 1 մեղադրյալ, առկա չի եղել փորձաքննություն նշանակելու, վկա հրավիրելու անհրաժեշտություն, մեղադրյալին մեղսագրվել է միջին ծանրության արարքի կատարում, և նման գործերի քննության առավելագույն ժամկետը սահմանվում է 3 տարին։ ԱՆ ներկայացուցչի խոսքով՝ ի հայտ են եկել այնպիսի դեպքեր, որոնք հիմք չեն հանդիսացել դատական նիստերը հետաձգելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել