Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղի տնօրենի ժ/պ-ն իրավապահների գործողությունների ժամանակ ազատված է եղել աշխատանքից․ պարզաբանում

Iravaban.net-ի հարցմանն ի պատասխան՝ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամից հայտնում են, որ Կապանի մասնաճյուղի տնօրենի ժ/պ Լեռնիկ Պետրոսյանը ռեկտորի առաջարկությամբ 2024 թվականի սեպտեմբերի 23-ին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, որը բավարարվել է, և Լեռնիկ Պետրոսյանի՝ որպես Կապանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարի, աշխատանքային վերջին օրը եղել է սեպտեմբերի 24-ը:

Հիշեցնենք՝ դեռ երեկվանից լուրեր են տարածվում այն մասին, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները ստուգումներ են իրականացնում Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղում։

«ՀԱՊՀ Երևանի կրթահամալիրը սեպտեմբերի 26-ին է տեղեկացել Կապանի մասնաճյուղում նույն օրը իրականացված իրավապահ մարմինների գործողությունների մասին՝ ստանալով զեկուցագիր կատարվածի վերաբերյալ Կապանի մասնաճյուղի աշխատակիցներից:

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը, հարգելով օրենքի գերակայությունը և պահպանելով Կապանի մասնաճյուղի աշխատակիցների անմեղության կանխավարկածը, վճռականորեն հաստատում է իր դիրքորոշումը, որ բարձրագույն ուսումնական հաստատության յուրաքանչյուր աշխատակից պարտավոր է գործել բացառապես օրինականության սահմաններում և պահպանել բարձր բարոյական չափանիշներ՝ ի պաշտպանություն համալսարանի հեղինակության և անբասիր վարկանիշի»,-նշում են հիմնադրամից:

Iravaban.net-ի վերլուծությամբ ՀԱՊՀ-ի դիրքորոշումը վկայում է հաստատության անզիջում վճռականությունը՝ պահպանելու իր աշխատակիցների վարքագծի բարձրագույն չափանիշները և անհրաժեշտության դեպքում ձեռնարկելու վճռորոշ միջոցառումներ՝ ի պաշտպանություն իր անբասիր համբավի և գիտակրթական առաքելության:

Նյութի լուսանկարում պատկերված են «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Կապանի մասնաճյուղի նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լեռնիկ Պետրոսյանը և Մասնաճյուղի շենքը, որոնք վերցված են համացանցից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել