Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ սեպտեմբերի 3-ին, դատավոր Կարեն Ամիրյանի նախագահությամբ և դատավորներ Արմեն Հովհաննիսյանի ու Մեսրոպ Մակյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով դատական նիստը:
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս դատական նիստին դատախազ Ծովակ Մնացականյանը ներկայացրեց վերաքննիչ բողոքը։ Բողոքը գրվել է դատաքննության ընթացքում այս գործով ներգրավված դատախազ Դավիթ Աղաջանյանի կողմից։
Ըստ ներկայացված բողոքի՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը ենթակա է վերանայման, քանի որ ամբաստանյալներ Վահագն Վերմիշյանի և Վազգեն Պողոսյանի նկատմամբ նշանակված պատիժն արդարացի չէ, դատարանն ամբաստանյալների նկատմամբ համապատասխան պատիժ նշանակելով թույլ է տվել դատական սխալ, նյութական օրենքի խախտում, որով դատական ակտը խաթարվել է։
Բողոքի մեջ բերված հոդվածները և վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումները գալիս են ընդգծելու այն, որ ամբաստանյալների նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի չի առել վերջիններիս կատարած արարքների բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը, հանցագործության տարածվածությունը, դրա արդյունքում պետական ապարատին պատճառված վնասը։
Ամբաստանյալների նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելիս պատշաճ վերլուծության չի ենթարկվել հանցանքի վտանգավորությունը, չի գնահատվել վերջիններիս մեղսագրվող արարքների հետևանքները։
Դատախազը նշում է նաև, որ բարձր հանրային վտանգավորություն ունեցող հանցանքի կատարման մեջ պետք է նկատել վերջինիս ունեցած առանցքային դերակատարությունը, քանի որ բոլոր դրվագներն առնչվում են Վահագն Վերմիշյանին և նրա գործառույթներին, հենց դրանով էլ վերջինս նպաստել է նշված որոշումների կայացմանը։
Բողոքում նշվել են եվրոպական դատարանի և վճռաբեկ դատարանի որոշումները, և, ըստ դատախազի կողմից բերված փաստարկների, դատարանը չի բացահայտել նաև արարքների հանրային վտանգավորության առանձնահատուկ հատկանիշները։
«Օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզված ապացույցների առկայությամբ անգամ ամբաստանյալները չեն ընդունում իրենց մեղսագրվող հանցանքների կատարումը, չեն զղջացել կատարած հանցանքների համար, ինչը պատժատեսակի և չափի որոշման հարցում էական նշանակություն պետք է ունենա»,-նշեց Մնացականյանը։
Ըստ ներկայացված բողոքի՝ դատախազությունը խնդրում է բեկանել և որոշակի մասով փոփոխել Վահագն Վերմիշյանի, Վազգեն Պողոսյանի վերաբերյալ առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2023 թվականի մայիսի 15-ի դատավճիռը։ Ամբաստանյալ Վազգեն Պողոսյանի նկատմամբ ընտրված որպես պատիժ նշանակել ազատազրկում 3 տարի ժամկետով, ամբաստանյալ Վահագն Վերմիշյանի նկատմամբ 2003 թ․ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասով որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարով, նույն օրենսգրքի 310-րդ հոդվածով որպես պատիժ նշանակել ազատազրկում 5 տարի ժամկետով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով որպես պատիժ նշանակել ազատազրկում 6 տարի ժամկետով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով որպես պատիժ նշանակել ազատազրկում 6 տարի ժամկետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետերով որպես պատիժ նշանակել ազատազրկում 3 տարի ժամկետով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որպես պատիժ նշանակել ազատազրկում 7 տարի ժամկետով։
Հանցանքների համակցությամբ՝ դատախազը պահանջեց ամբաստանյալ Վահագն Վերմիշյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել 15 տարվա ազատազրկում և նաև 5 տարի զրկել տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնելու իրավունքից։
Բացի այդ, ամբաստանյալից պահանջվեց ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածով հօգուտ պետության բռնագանձել հանցագործությունների կատարման արդյունքում ստացված 4 միլիոն 525 հազար 525 դրամ։
Դատարանի կողմից հարցեր առաջացան ներկայացված հոդվածների, դրանց համագումարի արդյունքում առաջարկվող պատժի չափի վերաբերյալ։ Դատախազը նշեց, որ քանի որ դատաքննություններին չի մասնակցել, և բողոքը չի գրվել իր կողմից, հաջորդ դատական նիստին համապատասխան փաստարկները դրվագների վերաբերյալ կներկայացվեն։
Դատախազը հայտնեց նաև, որ հաջորդիվ պատրաստվում է ներկայացնել գրավոր փաստաթուղթ այդ հարցերի պատասխանների վերաբերյալ, նաև բերել պաշտպանության կողմից հնչեցված բողոքների մասով դիրքորոշումներ, հակափաստարկներ։
Այս նիստին Վահագն Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը շարունակեց ներկայացնել բողոքի վերջին մասը։
Վահագն Վերմիշյանին մեղսագրվող արարքներից մեկը վերաբերում է «Ռամադա» հյուրանոցում ենթադրյալ կաշառք վերցնելուն։ Դրվագն առնչվում է նաև Վերմիշյանի ընկերոջը՝ Ջոն Ֆարխոյանին, որը գործով մեղադրյալներից մեկն է։ Ֆարխոյանը մեղադրվում է պաշտոնատար անձին կաշառելու, իր օգտին պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով որևէ գործողություն կատարելու կամ չկատարելուն նպաստելու, ծառայության գծով հովանավորչության համար։ Այստեղ խոսքը 2000 ԱՄՆ դոլարի մասին է։ Դրվագով նախաքննական մարմնի հիմնավորումներն ամբողջությամբ հերքելով, պաշտպանական կողմը այլ իրականություն է ներկայացնում:
Պաշտպանը նշեց, որ մյուս դրվագը վերաբերում է կաշառք ստանալուն, ընդ որում, կաշառք են հանդիսացել բետոնը և եվրոպատուհանները։
Մասնավորապես, Վահագն Վերմիշյանը, ցանկանալով անվճար բետոն և եվրոպատուհաններ ստանալ, խոստացել է, որ այլ անձի համար ծառայություններ կմատուցի, օժանդակություն կցուցաբերի։
Նրա խոսքով՝ Վահագն Վերմիշյանը զանգել է Գագիկ Գալստյանին, ասել, որ իրեն պետք է բարձր որակի ցեմենտ, ինչից հետո էլ ցեմենտն առաքվել է։
Նրանց հեռախոսազրույցի ձայնագրություններից պարզ է դառնում, որ Վերմիշյանն ասում է՝ Գագիկ, պարտադիր գումարով խնդրում եմ հաշվարկեք, ինձ թիվը ասեք, պետք է լավ որակի ցեմենտ․ «Սա է Վահագն Վերմիշյանի դերակատարությունը, այսինքն՝ եթե անձը ասում է ինձ պետք է ցեմենտ պարտադիր գումարով հաշվարկեք, թիվն ասեք, արդյո՞ք Վահագն Վերմիշյանն էստեղ ակնկալիք ուներ, որ դա իրեն պետք է փոխանցվեր անվճար կամ արդյոք Վահագն Վերմիշյանը սրա դիմաց ակնկալել է, որ կստանա ինչ-որ առավելություն»։
Վերջին դրվագով Վերմիշյանը խարդախությամբ Զոհրապ Հովհաննիսյանից հափշտակել է 2,5 միլիոն դրամ։
Ալեքսանդր Կոչուբաևը նշեց, որ Զոհրապ Հովհաննիսյանը Վերմիշյանի ազգականներից մեկի որդին է։ Վերմիշյանին վերջինիս զանգահարել է, ասել, որ ցանկանում է շինթույլտվություն ստանալ, անհրաժեշտ է նախագիծ։ Վերմիշյանն ասել է՝ ես չեմ կարող նախագիծ տալ, բայց գիտեմ մարդկանց, ովքեր կարող են դա անել, նախագծային աշխատանքի համար անհրաժեշտ է միայն 2,5 միլիոն դրամ։
«Վերցնելով այդ 5 հազար դոլարը՝ Վահագն Վերմիշյանը 2 հազար 500 դոլարը փոխանցել է Գագիկ Փանոսյանին։ Հասկանալ է պետք մի քանի բան․ մինչ շինթույլտվությունը, անձը պետք է ունենա նախ շենքի հատակագիծը, և երկրորդ, պետք է դիմի քաղաքապետարան՝ շինթույլտվություն ստանալու համար»,-ասաց նա։
Վերմիշյանը գումարի մի մասը հատկացրել է նախագծային աշխատանքների իրականացնելու համար, որից հետո պետք է մնացյալ գործողությունները կատարեր, սակայն նա կալանավորվեց, իսկ գործընթացը՝ կասեցվեց։
Վահագն Վերմիշյանն առաջադրված մեղադրանքի բոլոր դրվագներով իրեն մեղավոր չի ճանաչում և արդարացում է պահանջում։
Հաջորդ դատական նիստը՝ սեպտեմբերի 5-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մարիամ Շահնազարյան