Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ սեպտեմբերի 2-ին, դատավոր Կարեն Ամիրյանի նախագահությամբ և դատավորներ Արմեն Հովհաննիսյանի ու Մեսրոպ Մակյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով դատական նիստը:
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս դատական նիստի ժամանակ Վահագն Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը շարունակեց ներկայացնել վերաքննիչ բողոքը։
Պաշտպանն ընդգծեց, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի հոդվածների վերլուծությունները թույլ են տալիս առանձնացնել երկու պաշտոնատար անձանց, ովքեր այդ միջոցառումներն իրականացնելու կամ դրանց վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեն։
«Նշված օրենքը տարանջատում է «Օպերատիվ ստորաբաժանման ղեկավար» և «Օպերատիվ-հետախուզական գործողություն իրականացնող մարմնի ղեկավար»։ Օրենսդրության իմաստով ներքին դիտում և հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվության միջնորդություն կարող էր ներկայացնել միայն այն իրականացնող մարմնի ղեկավարը, այսինքն՝ ԱԱԾ-ի գերատեսչության ղեկավարը, ոչ թե «Օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը»։ Գործի նյութերից հետևում է, որ դատարան միջնորդություն է ներկայացրել վարչության պետ Համբարձումյանը, ինչն ուղիղ հակասում է օրենքին»,-ասաց Ալեքսանդր Կոչուբաևը։
Նա նշեց, որ այդ միջոցառումների արդյունքները և քննչական ենթակայության կանոնի խախտումը ձեռք բերված ապացույցները դարձնում են անթույլատրելի։
Խոսելով Վերմիշյանին առաջադրվող մեղադրանքների մասին՝ նա, մասնավորապես, անդրադարձավ իր բողոքին վերաբերելի դրվագներին։
Ինչպես պաշտպան Կոչուբաևը Iravaban.net-ի հետ զրույցում հայտնել էր, առաջին դրվագով Վերմիշյանը մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ։
2019թ․ հոկտեմբերից մինչև 2020թ․ փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում Չեռնիկովան պետական միջոցներից անհիմն ստացել է ընդհանուր 1 միլիոն 478 հազար 483 դրամ ընդհանուր գումարի չափով աշխատավարձ և դրան հավասարեցված վճարներ՝ փաստացի չկատարելով կոմիտեի գործառութային պարտականություններից բխող աշխատանքները, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:
Նա դատարանի ուշադրությունը հրավիրեց կադրերի պետ Ալվարդ Գրիգորյանի և Վահագն Վերմիշյանի տեղակալ Նունե Պետրոսյանի տված ցուցմունքներին։
Նունե Պետրոսյանը ցուցմունքում հայտնել է, որ հանդիսանում է Վերմիշյանի տեղակալը, և տեղեկացված է եղել, որ Չեռնիկովան իրականցնում էր Քաղաքաշինության կոմիտեի լիազորություններից բխող մեգա ծրագրերը։ Ալվարդ Գրիգորյանն իր ցուցմունքով հայտնել է, որ Վերմիշյանը զանգել է իրեն, ասել է՝ մարդ է ուղարկում, եթե պահանջներին բավարարում է, ընդունի աշխատանքի։
«Եթե Վահագն Վերմիշյանը նպատակ ունենար իր լիազորությունները չարաշահել և Չեռնիկովային արտոնություն կամ առավելություն տրամադրեր, ապա իր կադրերի պետին, ով իր ենթակայության տակ է եղել, ցուցում չէր տա՝ եթե համապատասխանում է, վերցրեք, այլ հակառակը, ուղիղ ցուցում կտար աշխատանքի ընդունման համար»,-ասաց Կոչուբաևը։
Պաշտպանը նշեց մի քանի նախագծերի անուններ, որոնց կատարումը բավականին ու բարդ ու ժամանակատար պրոցես է եղել, ինչին մասնակցություն է ունեցել նաև Չեռնիկովան։
Նախագահող դատավոր Կարեն Ամիրյանը հարցրեց՝ այդ նախագծերը փաստաթղթավորված են, թե ոչ, Կոչուբաևն ասաց, որ այն համակարգիչը, որով Նատալյան Չեռնիկովան է աշխատել, առգրավվել է ԱԱԾ-ի կողմից, այդ խնդիրը բարձրաձայնվել է, սակայն այդ խնդիրը առաջին ատյանի դատարանն անտեսել է։
Պաշտպանը Նատալյա Չեռնիկովային աշխատանքի ընդունելը չի համարում որպես պաշտոնական լիազորությունների չարաշահում։ Վերջինս մեծ աշխատանք է տարել, և եթե մեգա նախագծերը հանձնարարվեր մասնավոր կառույցների կամ որևէ կազմակերպության կողմից գնվեր, միլիարդների ծախսեր կառաջանային։
Դատավորը նաև հարցրեց, թե այդքան խոշոր նախագծերը մեկ անձն ինչպե՞ս կարող էր ֆիզիկապես հասցնել նախագծել, Վահագն Վերմիշյանն ասաց, որ իր աշխատանքի ռիթմն այլ է եղել, հակառակ դեպքում այդքան հաջողությունների չէր կարող հասնել․ «Ես 30 տարի չեմ հանգստացել, իմ միակ հանգիստը եղել ա Նուբարաշենում»։
Չեռնիկովայի աշխատանքի վերաբերյալ Վերմիշյանն ասաց, որ նրան հրահանգներ է տվել, իսկ ընդհանուր աշխատանքներին ինքն է հետևել։
Հիշեցնենք նաև, որ Վերմիշյանը դատարանում հայտնել է, որ Չեռնիկովային ճանաչում է 2016 թվականից ՌԴ Օրյոլ քաղաքից: Եղել է նրա դիպլոմային աշխատանքի ղեկավարը և այդ ժամանակներից մտերմացել է նրա հետ: 2017 թվականին Երևան է վերադարձել, որից հետո Նատալյա Չեռնիկովան 2018 թվականին նույնպես տեղափոխվել է Երևան՝ մշտական բնակության նպատակով: Նշենք, որ առաջին ատյանի դատարանը Վահագն Վերմիշյանին մեղավոր է ճանաչել նաև այս դրվագով ու նրան ընդհանուր առմամբ դատապարտել ընդհանուր 8 տարվա ազատազրկման։
Նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստին Ալեքսանդր Կոչուբաևը կշարունակի ներկայացնել վերաքննիչ բողոքի վերջին հատվածը, նաև դատախազ Ծովակ Մնացականյանը կներկայացնի դատախազության դիրքորոշումն այդ առիթով, վերջինս նշեց, որ այս նիստին ևս կարող է ներկայացնել, սակայն ինչպես դատավարության մյուս մասնակիցները հայտնել էին, ավելի նպատակահարմար կլինի, որ կողմերը ներկա լինեն։
Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին։
Վահագն Վերմիշյանն առաջադրված մեղադրանքի բոլոր դրվագներով իրեն մեղավոր չի ճանաչում և արդարացում է պահանջում։
Մարիամ Շահնազարյան