«Հող և ջուր»-2 միջոցառման կազմակերպչական խորհրդի հայտարարությունը համերգային խմբի վրա հարձակման մասին

«Հող և ջուր»-2 միջոցառման կազմակերպչական խորհրդի հայտարարությունը համերգային խմբի վրա հարձակման մասին։

««Հող և ջուր»-2 մշակութային միջոցառման նախաձեռնող խումբը օգոստոսի 29-ին նախատեսել էր համերգ-նկարահանում դաշտային պայմաններում՝ Արագածի լանջին:

Առավոտյան տեխնիկասարքավորումներով և դաշնամուրով «Հող և ջուր»-2 միջոցառման խումբը՝ շուրջ 70 հոգի, աշխարհահռչակ ջազային երաժիշտ երգահան և կատարող Տիգրան Համասյանի և Խազեր երգչախմբի հետ շարժվել է Արագածի հյուսիսային լանջին գտնվող Ռապի լիճ համերգային ձայնագրությունը և նկարահանումը կազմակերպելու նպատակով:

Ժամը 16-ին մոտ մեկ ավտոմեքենաներով նկարահանման տարածք են եկել միջոցառման հետ կապ չունեցող 3 հոգի, տեղավորվել են լճի հակառակ ափին և հայտնվել նկարահանման կադրում:

Կազմակերպիչները քաղաքավարությամբ խնդրել են տեղափոխվել քիչ հեռու և չխանգարել նկարահանմանը: Սակայն տեղափոխվելուց հետո ժամը 18-ին խումբը սկսել է աղմկել անմարդկային վայնասուններով: Կազմակերպչական խմբի անդամները նորից խնդրել են չաղմկել, հրավիրել են լուռ մասնակցել համերգի և նկարահանման դիտմանը:

Խումբը հրաժարվել է, խոստացել է չաղմկել, սակայն ժամը 19-ից հետո նորից է սկսել աղմկել, դիտավորությամբ գոռգոռալ և սուլել՝ խանգարելով նկարահանումներին և ձայնագրությանը:

19:20-ի հատվածում համերգախմբի հետ լճի մոտ գտնվող հանդիսատեսները գնացել և այդ խմբին բացատրել են իր վարքի անընդունելի լինելը, որից հետո խումբը հեռացել է, սակայն քիչ անց վերադարձել է, դիտել է մասնակիցներին և ավտոմեքենաները, ապա նորից է լքել տարածքը:

Համերգի տեսագրումն ավարտվել է 19:45-ին: 10 ավտոմեքենաներից կազմված շարասյան վերադարձի ճանապարհը Գեղաձոր գյուղի և H21 (Արթիկ-Ալագյազ) ճանապարհի խաչմերուկում 3 ավտոմեքենայով փակել է նույն խումբը, խոչընդոտելով տեղաշարժը:

Խմբի անդամները հարձակվել են առաջին մի քանի ավտոմեքենաների վրա, կոտրել են մեքենաներից մեկի ապակին, որում Տիգրան Համասյանն է եղել, մյուս մեքենայի վարորդի դեմքին մի քանի հարված են հասցրել, վարորդի գլուխը խփել ղեկանվին մի քանի անգամ:

Խումբը ոստիկանություն է ահազանգել 21:20-ին: Պարեկները դեպքի վայր են հասել 21:45-ին, մեքենաների վրա հարձակվածները փախել են դեպքի վայրից:
Հաղորդում է տրվել ոստիկանությանը հանցագործության մասին:

Վերլուծելով տեղի ունեցածը, բավարարելով հանրության հետաքրքրությունը, և կամենալով խափանել ստահոդ տեղեկությունների տարածումը որոշ էժանագին քարոզչամիջոցներում, հայտարարում ենք որ.

• Նկարահանումները խոչընդոտող և մեքենաների վրա հարձակված մեքենաներից մեկի ապակին կոտրած ավազակախմբի անդամների լուսանկարները, մեքենաների լուսանկարները և պետհամարանիշերի լուսանկարները տրամադրվել են ոստիկանությանը՝ պատճաշ քննության ակնկալիքով:

• Ակնակալում ենք ՀՀ ոստիկանության և այլ իրավապահ մարմինների հրատապ և արդյունավետ աշխատանքը հանցագործներին բացահայտելու ուղղությամբ: Հակառակ դեպքում գործարկելու ենք արդարության սահմանման այլ մեխանիզմներ: Հայաստանը քրեական հանցագործներից հարկավոր է մաքրել: Եթե իրավապահները չկարողացան կամ չկամեցան լուծել այդ խնդիրը, դա անելու ենք մենք սեփական պատասխանատվությամբ:

• Մեծ բարեբախտություն է, որ որևէ մեկը մարմնական լուրջ վնասվածք չի ստացել պատահարից:

• Բացարձակ անընդունելի են վերոհիշյալ քրեական տարրերի տարածած բարքերը, որոնք խոր հակասության մեջ են Գեղաձոր գյուղի վարչական ղեկավար Էդգար

Օհանյանի և մյուս գեղաձորցիների հյուրընկալ ու ընկերական ընդունելության հետ:
Բարեխիղճ և պատասխանատու լրատվամիջոցներին խնդրվում է օգտվել այս հաղորդագրությունից, առանձին հարցազրույցներ չեն լինելու: Ըստ քննության ընթացքի և անհրաժեշտության կլինեն նոր հաղորդագրություններ:
«Հող և ջուր»-2 մշակութային նախաձեռնության կազմակերպչական խումբ
30 օգոստոսի, 2024 թ.»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել