ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը N բանակային զորամիավորում կատարած աշխատանքային այցի ավարտին խարույկի շուրջ հանդիպում է ունեցել ճամբարականների և ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նոր ընդունված կուրսանտների հետ:
Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Սուրեն Պապիկյանն աշակերտներին ներկայացրել է զինվորական մասնագիտություն ընտրելու առավելություններն ու արտոնությունները, որոնց շնորհիվ էականորեն փոխվում է ապագա սպայի սոցիալական վիճակը, ինչպես նաև լուծվում է բնակարանային ապահովման հարցը:
Պաշտպանության նախարարը նաև ներկայացրել է զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ, պատասխանել աշակերտներին և կուրսանտներին հետաքրքրող հարցերին։
Ռազմական կրթության կազմակերպման մասին մանրամասներ է հայտնել ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանը՝ ընդգծելով, որ առաջիկա տարիներին նույնպես ռազմակրթական բարձրագույն հաստատությունը նոր հաջողություններ է գրանցելու ապագա սպաներ պատրաստելու գործընթացն առավել հագեցած ծրագրով իրականացնելու համար: